12:18 | 08.06.15 | Հոդվածներ | exclusive 4196

Խորհուրդ հայկական ստարտափներին. ինչպե՞ս գտնել ներդրող

Ստարտափի հիմնումը սկզբնական շրջանում «երազկոտ» ընկերների համատեղ նախաձեռնություն է: Ամեն ինչ սկսում է լրջանալ այն ժամանակ, երբ հայտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են դրանում փող ներդնել: Այսօր աշխարհում գաղափարները եւ նախնական պրոդուկտները չափազանց շատ են, եւ դրանց մեծ մասն այդպես էլ չի գտնում ներդրող:

Ինչպե՞ս չհայտնվել անհաջողակների խմբում, ո՞ր քայլերը ձեզ կօգնեն գտնել ճիշտ ներդրող եւ, ի վերջո, ո՞ր ներդրողից կարելի է գումար վերցնել:

Հայ ծրագրավորողների հիմնադրած Teamable ընկերությունը հայաստանյան այն հաջողակ ստարտափներից է, որը կարողացել է դուրս գալ Հայաստանի սահմաններից եւ ընդլայնվել: Ընկերության ծրագրային լուծումներն այսօր օգտագործվում են շուրջ 20 ամերիկյան ընկերություններում: 

Itel.am-ը Teamable-ի համահիմնադիրներից Մերուժան Դանիելյանի օգնությամբ փորձել է գտնել վերոնշյալ հարցերի պատասխանները:

1. Ունենալ նախնական պրոդուկտ եւ բիզնես տեսլական

Եթե ցանկանում ես ներդրում ստանալ, ապա հստակ պետք է ցույց տաս, որ քո թիմն ի վիճակի է անել այն, ինչ ցանկանում է: Դրա լավագույն օրինակը քո թիմի ստեղծած մինիմալ պրոդուկտի առկայությունն է, որը պետք է ապացուցի, որ հետաքրքիր է որոշակի խմբի համար: Պետք է վստահ լինել, որ այն, ինչ անում ես, պարզապես գաղափար չէ, եւ ունի բիզնես ապագա: Կարեւոր է հասկանալ, թե որն է այն թիրախային խումբը, որի համար աշխատելու ես, ինչու նա պետք է գնի քո պրոդուկտը եւ ինչ է ստանալու այդ պրոդուկտն օգտագործելիս:

2. Ներդրողից գումար վերցնել միայն այն ժամանակ, երբ այն իսկապես անհրաժեշտ է

Քո ուժերով առաջ գնա՝ ինչքան հնարավոր է: Գումար պետք է վերցնել միայն այն ժամանակ, երբ տեսնում ես, որ քո ունեցած ռեսուրսներով չես կարող առաջ գնալ: Քեզ պետք են նոր մարդիկ, գումար՝ մարքեթինգի հարցերով զբաղվելու համար, եւ այլն:
Եթե նստած ես սենյակումդ, պրոդուկտ ես մշակում եւ այդ պահին ռեսուրս ունես դա անելու համար, ապա պետք չէ պարզապես գումար վերցնել: Ուրիշից վերցրած գումարը պատասխանատվություն է. այնպես չէ, որ գումարը քեզ տվեցին ու վերջ:
Որքան ուշ փուլում վերցնես այդ գումարը, այնքան լավ: Որքան քո պրոդուկտը մշակված լինի, այնքան ավելի հեշտ կլինի ներդրում գտնել՝ հաշվի առնելով այն, որ հենց այդ փուլում են հստակ ուրվագծվում ստարտափի կարիքները:

3. Օգտագործել ներդրողի հետ դեմ առ դեմ հանդիպման բոլոր հնարավորությունները

Սոցիալական մեդիայով ներդրողի հետ կապ հաստատելն այնքան էլ լուրջ չէ: Ներդրողները զբաղված մարդիկ են, եւ պարապ չեն նստում եւ սպասում, թե երբ դու իրենց կգրես: Ամենալավ տարբերակը մասնագիտական միջոցառումների ժամանակ ներդրողներին հանդիպելն է: Օրինակ, կարելի է սուրճի ընդմիջման ժամանակ ոչ ֆորմալ միջավայրում «շատ պատահական» հայտնվել ներդրողի դիմաց եւ ծանոթանալ: Ուղիղ աչքերի մեջ նայելու գործոնը չափազանց կարեւոր է ստարտափ-ներդրող հարաբերություններում: Դեմ առ դեմ առաջին հանդիպումը ներդրողի համար կարեւոր է նաեւ նրանով, որ որեւէ նախագծում ուղղակի գումար ներդնելը նա բավարար չի համարում՝ ցանկանալով ճանաչել թիմին: 

4. Ընտրել ճիշտ ներդրողի

Ստարտափների ամենատարածված սխալներից է այն, որ նրանք ուշադրություն չեն դարձնում, թե ով է իրենց գումար տալիս: Ճիշտ է, երբ հայտնվում է ինչ-որ մեկը, որը պատրաստ է գումար ներդնել քո նախագծում, շատ դժվար է հրաժարվել դրանից, սակայն իրականում նախ պետք է հասկանալ, թե ով է ձեզ գումար տալիս: Ձեր վերցրած գումարը պետք է «խելացի փող» (smart money) լինի:

Ցանկալի է, որ ներդրողը տեղյակ լինի այն ոլորտից, որում գործում է քո ստարտափը: Նաեւ ցանկալի է, որ նա այդ ոլորտում կապեր եւ որոշակի փորձ ունենա: Ներդրողը ոչ թե միայն գումար տվող, այլեւ խորհրդատու եւ մենթոր պետք է լինի, ունենա կապեր, որոնք կարելի կլինի օգտագործել բիզնեսի զարգացման համար: Այդ ժամանակ արդեն կարելի է կրկնակի արդյունք ակնկալել:

Իսկ երբ արդեն ներդրումը կատարված է, սկսեք ներդրողի միջոցները ճիշտ օգտագործելու գործընթացը: Առնվազն 2-3 ամիսը մեկ նրանց պետք է տեղեկացնել, թե ինչ առաջընթաց է գրանցվել այդ ընթացքում: Առաջարկեք ներդրողին օգնել ձեզ պրոդուկտի առաջխաղացման, կապերի հաստատման հարցերում: Փոխադարձ վստահությունը շատ կարեւոր է, քանի որ ներդրում կատարելուց հետո նա դառնում է ձեր թիմակիցը:

Նարինե Դանեղյան