17:18 | 29.05.15 | Հոդվածներ | exclusive 2132

Հայկական Sphere հավելվածը՝ AppStore-ում

Sphere մոբայլ հավելվածը, որը մոտակայքում գտնվող մարդկանց օգնությամբ միջավայրում կողմնորոշվելու, ինչպես նաեւ հուզող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն է տալիս, այսուհետ հասանելի է նաեւ AppStore-ում:

Հավելվածը ստեղծել են Մինաս Քեշիշյանը եւ Դավիթ Խաչատրյանը:

Itel.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ թարմացվել է նաեւ հավելվածի Android տարբերակը:

Դավիթ Խաչատրյանի խոսքով, իրենց նպատակն այս պահին հնարավորինս արագ ամերիկյան շուկա մուտք գործելն է:



«Քանի դեռ շուկան ազատ է, ցանկանում ենք միանգամից առաջատար դառնալ: Երբ դրսում տարածում գտնենք, օգտատերերի որոշակի քանակ ներգրավենք, դա կօգնի նաեւ ներդրողներ գտնել, եւ թիմ ստեղծել, որը կաշխատի Հայաստանում: Sphere-ը բարդ սոցիալական ցանց է, եւ այն դրսում տարածելու համար պետք է հասկանալ տվյալ տեղանքի առանձնահատկությունները: Մարտահրավերները շատ են, սակայն մենք դրան պատրաստ ենք»,- ընդգծել է նա:
 
Խոսելով մրցակիցների մասին, Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նմանատիպ հավելված ստեղծելու փորձեր եղել են, սակայն դրանցից ոչ մեկը չի իրականացնում Sphere-ի ամբողջական գործառույթները:

Հիշեցնենք, որ Sphere-ն այս տարի «ՄԻԿ աքսելերացիա» ծրագրին մասնակցած 7 ստարտափներից մեկն է: