13:42 | 25.05.15 | Հոդվածներ | exclusive 2737

Հայկական Truthly հավելվածը՝ AppStore-ում

Հայերի մշակած Truthly հավելվածը, որը հնարավորություն է տալիս անկեղծ եւ անանուն «խոստովանություններ» անել ընկերներին, արդեն հասանելի է AppStore-ում:

Նախագծի համահիմնադիրներն են Հրաչյա Մանուկյանը, Ալեքսանդր Ադամյանը, Միքայել Մանուկյանը եւ Հարություն Մուրադյանը: Հավելվածի մշակման վրա աշխատել է Simply Technologies ընկերությունը: 

Itel.am-ի հետ զրույցում Հրաչյա Մանուկյանը նշում է, որ իրենք ցանկանում են Truthly-ն դարձնել հաջորդ Snapchat-ը՝ հաշվի առնելով երկու հավելվածների պատմությունների եւ ոճերի նմանությունները:

Truthly-ի միջոցով, առանց լրացուցիչ ստուգում անցնելու, ձեզ «խոստովանություն» կարող են գրել Facebook-ի ընկերները եւ ձեր հեռախոսում գրանցված անձինք:

«Մյուս բոլորի դեպքում կարող եք ձեր էջում հարցեր տեղադրել, որոնց պատասխանելու դեպքում տվյալ անձը կապացուցի, որ ճանաչում է ձեզ, եւ հնարավորություն կստանա անանուն «խոստովանություն» գրել: Օրինակ, կարելի է հարցնել, թե որն է ձեր էլփոստը, հեռախոսի համարը, ինչպես նաեւ գաղտնաբառը՝ Truth key-ն: Վերջինս հնարավորություն է տալիս «ֆիդբեք» ստանալ այն մարդկանցից, որոնց հենց նոր ես հանդիպել, օրինակ հանրային ելույթների ընթացքում եւ այլն: Գաղտնաբառը կարող է տարածվել սոցիալական ցանցերի, էլփոստի կամ հասարակական վայրերում փակցվելու միջոցով»,- նշում է Հրաչյա Մանուկյանը:

Truthly-ի համահիմնադիրներն իրենց թիրախային լսարանը բաժանում են երկու խմբի:

«Առաջինը պայմանական անվանում ենք «հաջողակ մարդիկ»: Դրանք այն մարդիկ են, որոնք կյանքում արդեն բավականաչափ (մասնագիտական ու ոչ միայն) կայացել են, բայց ավելի մեծ աճ ունենալու ու ինքնազարգանալու համար ցանկանում են իրենց կողքից տեսնել եւ ինքնակատարելագործվել: Այս խումբը շատ նման է Linkedin-ում գրանցված մարդկանց խմբին»,- նշում է Հրաչյա Մանուկյանը:

Որպես երկրորդ խումբ նա առանձնացնում է դեռահասներին՝ հիմնականում դպրոցի բարձր դասարանի աշակերտներին եւ ուսանողներին, որոնք Truthly-ն կարող են օգտագործել ժամանցային նպատակով:

«Այս խումբը շատ մոտ է Snapchat-ում գրանցված մարդկանց: Այս խմբի մարդկանց շուկան որոշակիորեն անկանխատեսելի է, եւ դեռ վստահ չենք, թե որ ուղղությամբ առաջ կշարժվի»,- նշում է Հրաչյա Մանուկյանը:

Ինչ վերաբերում է թիրախային շուկաներին, ապա հավելվածի հիմնադիրներն առաջին հերթին փորձելու են մուտք գործել Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, Թուրքիա, Սերբիա եւ ԱՄՆ: Հետագա ծրագրերից է Հնդկաստանի ու Չինաստանի շուկա մուտքը, ինչը, Հրաչյա Մանուկյանի խոսքով, ավելի բարդ է:

Ի դեպ, Truthly.me հարթակը, որն ակտիվ էր մինչեւ հավելվածի գործարկումը, ժամանակավորապես չի գործում: Մի քանի ամսից պատրաստ կլինի նոր, թարմացված եւ հավելվածի ֆունկցիոնալությանը հարմարեցված վեբ տարբերակը:

Truthly-ի Android տարբերակը պատրաստ կլինի մի քանի ամսից. ժամկետները պայմանավորված կլինեն iOS տարբերակի հաջողությամբ:
 
Truthly.me-ի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Նարինե Դանեղյան