16:50 | 25.05.15 | Նորություններ | 1263

ԻՏՁՄ-ի նպատակն է ՀՀ-ն տեսնել ինովացիոն երկրների թոփ 20-ում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նպատակ ունի 2018թ. ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այն է՝ ավելացնել դրանց թիվը 900-ով:

Այս մասին մայիսի 22-ին Աղվերանում կայացած ԻՏՁՄ 15-րդ տարեկան համագումարում հայտարարել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով՝ առաջնային նպատակներից է, որ 2018թ. Հայաստանն ընդգրկվի աշխարհի 20 ինովացիոն երկրների շարքում:

Համագումարի ընթացքում տեղի է ունեցել նաեւ ԻՏՁՄ նախագահի եւ վարչության անդամների ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում ընտրվել է «ԱյՅուՆեթվորքս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանը: Վերջինս փոխարինել է Հովհաննես Ավոյանին, որն ԻՏՁՄ նախագահն էր միության ստեղծման օրից:

2000թ. հիմնադրված ԻՏՁՄ-ն միավորում է տեղական եւ միջազգային շուրջ 70 կազմակերպություն: Այն ստեղծվել է ՏՏ եւ ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման եւ ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: