16:15 | 25.05.15 | Նորություններ | 4168

«Յուքոմ»-ը նախաձեռնել է հեռուստաբովանդակության շուկայի միջազգային համաժողով

Մայիսի 26-28-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հեռուստաբովանդակության շուկայի ոլորտի վերաբերյալ եռօրյա համաժողով:

Միջոցառման կազմակերպիչը «Յուքոմ» ընկերությունն է: Համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն Discovery-ի, Viasat-ի, MTV-ի, Paramount-ի, Sony-ի, Euronews-ի, Fox-ի, National Geographic-ի, Nickelodeon-ի, Disney Channel-ի ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է մեկ վայրում միավորել միջազգային հեռուստաբովանդակության մատակարարներին, տարածաշրջանում գործող հեռարձակման օպերատորներին եւ Հայաստանի պետական կառույցներին՝ հեռուստաշուկային վերաբերող խնդիրները քննարկելու եւ ապագայում համագործակցության եզրեր գտնելու նպատակով:

Համաժողովը կտեւի երեք օր, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձը, կծանոթանան հայաստանյան հեռուստաբովանդակության շուկային, կուսումնասիրեն պահանջարկն ու հայկական շուկայի հնարավորությունները, ինչպես նաեւ կմշակեն հետագա համագործակցության պլաններ:

Օտարերկրյա պատվիրակություններից բացի, համաժողովին կմասնակցեն հայկական շուկայի ոլորտի մասնագետներ, կապի եւ տրանսպորտի նախարարության, ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ:

««Յուքոմ»-ն առաջին ընկերությունն էր, որ նախաձեռնեց հեռուստատեսային կոնտենտի տարածման լեգալիզացումը եւ մի շարք միջազգային հեռուսաալիքների հետ պայմանագրեր կնքելով՝ դրանք օրինական հիմունքներով ներմուծեց հայկական հեռուստաշուկա»,- ասված է «Յուքոմ»-ի տարածած հաղորդագրությունում: