15:39 | 18.05.15 | Նորություններ | exclusive 4153

Shadowmatic-ը DevGAMM 2015 Awards-ում արժանացել է 2 մրցանակի

Հայկական Shadowmatic խաղը մայիսի 16-ին Մոսկվայում կայացած DevGAMM 2015 Awards-ում հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում:

Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ Shadowmatic-ը հաղթել է Excellence in Visual Art եւ Media Choice Award անվանակարգերում:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է DevGAMM Moscow 2015 համաժողովի շրջանակում, որին մասնակցել են հայտնի ստուդիաների եւ վիդեոխաղերի հետ կապված տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է ս.թ. հունվարին՝ հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Հայտնվելով բոլոր երկրների App Store-ի Editor's Choice բաժնում՝ այն Apple-ի կողմից ճանաչվել է որպես հունվարի լավագույն խաղ:

Խաղի ընթացքում խաղացողները պետք է գտնեն ստվերներում թաքնված ուրվագծերը: Խաղացողը պտտում է թվացյալ վերացական եռաչափ առարկաներ` այնպես անելով, որ դրանց ստվերները շրջապատող միջավայրին համապատասխան ծանոթ ուրվագծեր կազմեն:

Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

Մեդիամաքսի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարող եք ընթերցել այստեղ: