16:22 | 14.05.15 | Նորություններ | 1119

Հայտնի է հայ-թուրքական ստարտափ նախագծի հաղթողը

Երեւանում անցկացված «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» հայ-թուրքական ստարտափ նախագծի հաղթող է դարձել Evreka թիմը` ստանալով €4000-ի ֆինանսավորում:

Թիմը հաղթել է նաեւ «լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում խրախուսական մրցանակ է ստացել Paqqy-ն, իսկ «ամենաիրատեսելի գաղափարը»՝ Home Planning-ը:

Նախագծին մասնակցել է 5 թիմ Հայաստանից եւ Թուրքիայից, որոնք վերջին 4 ամիսների ընթացքում մշակել են իրենց գաղափարներն ու նախատիպերը:

Խոսելով ծրագրի առանձնահատկությունների մասին՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (ՄԻԿ) ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը նշել է, որ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռներեցները երկու ամիս շարունակ ինտենսիվ խորհրդատվություն են ստացել:

«Մարտի վերջին տեղի ունեցան ինտենսիվ կուրսեր, որոնց ընթացքում թիմերը խորհրդատուների եւ փորձագետների հետ աշխատեցին իրենց գաղափարները զարգացելու եւ առաջ տանելու ուղղությամբ»,- ասել է Արտաշես Վարդանյանը:  

«Այդ գաղափարները կարեւոր են նաեւ այն առումով, որ թիմերը ցանկանում են դրանց միջոցով լուծել ոչ միայն ուրիշների, այլեւ իրենց խնդիրները»,- ասել է ժյուրիի անդամ, թուրք ներդրող եւ խորհրդատու Էմրե Օզբեկը՝ հավելելով, որ վերապատրաստման եւ խորհրդատվական աշխատանքի արդյունքում թիմերի գաղափարները բարելավվել են:

«Կարծում ենք, որ ապագայում ծրագիրը կընդարձակենք, «հրեշտակ ներդրողներ» կներգրավենք եւ ցանցեր կձեւավորենք»,- իր հերթին ասել է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ՝ ՄԻԿ-ի եւ Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի հետ համագործակցությամբ: Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: