16:09 | 14.05.15 | Նորություններ | 4013
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, զանգահարելով 911 եւ 112 արագ արձագանքման հեռախոսահամարներին, այսուհետ կմիանան արտակարգ իրավիճակների կառավարման տեղի գրասենյակներին:
Համակարգը գործարկվել է վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ:
Այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ծրագրի շնորհիվ, հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ:
«Նորարարության նպատակն է նվազեցնել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: Նոր համակարգը աստիճանաբար կգործարկվի երկրի բոլոր մարզերում»,- նշում են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: