Գալինա Կուրգանովան
13:13 | 15.04.15 | Հոդվածներ | exclusive 71215
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովայի հարցազրույցը Itel.am-ին:
- Օրերս Հայաստանում կայացավ Make Your Mark («Թող քո հետքը») ռազմավարության շնորհանդեսը: Պատմեք, խնդրեմ, ծրագրի հայեցակարգի եւ դրա հիմնական ուղղությունների մասին:
- Make Your Mark գլոբալ ծրագիրը մեկնարկել է «ՎիմպելԿոմ» խմբի գլխամասային գրասենյակում անցած տարվա վերջին: Դրա հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին՝ կերտել իրենց ապագան: Ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում երիտասարդներն առերեսվելու են մի շարք գլոբալ մարտահրավերների՝ սկսած էկոլոգիականից մինչեւ մոլորակի բնակչության աճ: Շարժական տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել տեխնոլոգիական լուծումներ, որոնք նույնիսկ հնարավորություն են տալիս ավելացնել երկրի ՀՆԱ-ն. գոյություն ունի վիճակագրություն շարժական տեխնոլոգիաների ներթափանցման եւ տնտեսության աճի միջեւ ուղղակի համամասնական կապի մասին: Վերլուծելով այդ իրավիճակը՝ մենք հասկացանք, որ որպես բջջային օպերատոր, որը գործում է աշխարհի 14 երկրներում, մեզ մոտ առկա է շատ լավ հիմք՝ կայուն զարգացմանն աջակցելու համար, եւ արդյունքում ծնվեց այս ծրագիրը:
Իհարկե, լավ է, երբ «ՎիմպելԿոմ»-ի ներկայության բոլոր երկրներում կան սոցիալական ծրագրեր, որոնք համապատասխանում են հասարակության լոկալ խնդիրներին: Սակայն մեզ անհրաժեշտ էր գլոբալ թեմա՝ դրանք բոլորը «ՎիմպելԿոմ»-ի ռազմավարական հայեցակարգում համախմբելու համար: Այդ նպատակով նույնիսկ մշակվեց հատուկ լոգոտիպ, որը միավորում է տարբեր երկրներում «ՎիմպելԿոմ»-ի բրենդերի գույները:
Ո՞րն է Make Your Mark-ի հիմնական խնդիրը: Իհարկե, երկրները տարբերվում են բազմաթիվ ցուցանիշներով, այդ թվում՝ ցանցի ու տեխնոլոգիաների ներթափանցման մակարդակով: Կարիք չկա համեմատել տեխնոլոգիական առումով հասարակության պահանջների զարգացման մակարդակը ասենք՝ Իտալիայի եւ Տաջիկստանի հետ, այդ պատճառով ստեղծվել են այս ծրագրի տարբեր ուղղություններ, որոնք ենթադրում են 3 հիմնական աստիճաններ:
Առաջինը ենթադրում է «հետք թողնել»՝ տեխնոլոգիաների տեսանկյունից: Ընկերությունն օգնում է ցանցի եւ կապի ներթափանցման զարգացման գործում՝ տրամադրելով ինտերնետ կապ, համակարգիչներով ապահովելով ուսումնական հաստատությունները, զբաղվելով դպրոցականների եւ ուսանողների հետ, որպեսզի նրանք իրենց առավելագույնս հարմարավետ զգան տեխնոլոգիական ոլորտում, քանի որ առանց դրա չափազանց դժվար կլինի ժամանակակից աշխարհում:
Երկրորդ աստիճանը կրթությունն է, որը ներառում է վարպետության դասեր, ուսուցողական սեմինարներ, փորձի փոխանակում ուսանողների միջեւ, այսինքն, այնպիսի ծրագրերի իրակայացում, որոնք ուղղված են մտավոր ներուժի ավելացմանը:
Երրորդ՝ ամենաառաջադեմ աստիճանը ենթադրում է տեխնոլոգիական հարթակների ստեղծում: Ներկայում այն իրականացվել է միայն Իտալիայում, սակայն, վստահ եմ, դա միայն սկիզբն է: Իտալիայում մենք ստեղծել ենք բիզնես-գաղափարների յուրօրինակ ինկուբատոր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գալ իր գաղափարով եւ ստանալ խորհրդատվություն. նրան կպատմեն, թե ինչպես ավելի լավ կլինի օգտագործել այդ գաղափարը եւ ինչպես ավելի լավ կլինի զարգացնել բիզնեսը տեխնոլոգիական տեսանկյունից: Բացի այդ, վերոնշյալ ինկուբատորում կանոնավոր կերպով տեղի են ունենում գաղափարների շնորհանդեսներ, այսինքն, ներդրողները, որոնց հետաքրքրում է այս կամ այն նախագիծը, կարող են միանգամից գումար ներդնել դրանում: Այժմ գոյություն ունեն տասնյակ նախագծեր, որոնք զարգանում են այդ բիզնես-ինկուբատորում:
- Ո՞րն է ծրագրի թիրախային խումբը:
- Մենք կենտրոնանում ենք նախեւառաջ երիտասարդության վրա՝ աջակցելու նրան իր ներուժն իրացնելու հարցում: Միաժամանակ, կենտրոնանում ենք հասարակության պահանջների ուղղությամբ: Հայաստանում Make Your Mark ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց մի քանի օր առաջ գործարկված «Ագրոդպրոց» ծրագրով: Սակայն իրականում Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք չափազանց հետաքրքիր ծրագրեր՝ ե՛ւ բջջային հավելվածների մրցույթ, ե՛ւ ուսուցողական սեմինարներ՝ համակարգչային գրագիտության դասախոսների համար երկրի մարզերում եւ այլն:
Այսպիսով, Make Your Mark գլոբալ ռազմավարության գործարկման համար Հայաստանում առկա էր շատ լավ հիմք: Կարծում եմ՝ «Ագրոդպրոց» ծրագիրը, մնացած ամեն ինչից բացի, համապատասխանում է երկրի ներկայիս պահանջներին եւ ներառում է թե՛ շարժական տեխնոլոգիաները, թե՛ գյուղատնտեսության ու առհասարակ երկրի զարգացման ներուժը: Ինձ թվում է, որ դա օպերատորի սոցիալական պատասխանատվության վարքի լավ օրինակ է, քանի որ այն ներդրում է կատարում տեխնոլոգիական ներուժի զարգացման մեջ, ինչը հետագայում, իր հերթին, կանդրադառնա ՀՆԱ-ի աճի վրա: Դա դասական օրինակ է այն բանի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ծրագիրը յուրաքանչյուր երկրում: Մենք ենթադրում ենք, որ նմանատիպ լոկալ ծրագրերը, որոնք համապատասխանում են հասարակության պահանջներին, անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրում: Եվ մինչեւ տարեվերջ այդ ծրագիրը կգործարկվի «ՎիմպելԿոմ»-ի ներկայության 14 երկրներից յուրաքանչյուրում:
- Որքա՞ն ժամանակով է հաշվարկված այդ ծրագիրը:
- Անկասկած, դա երկարաժամկետ ծրագիր է: Այժմ մենք սկսում ենք ջերմոցների կառուցման ծրագիրը Արմավիրի մարզում: Հետագայում կգործարկվի բջջային հավելված, որը թույլ կտա վաճառել մեր աճեցրած ապրանքը: Բացի այդ, տեղի կունենա Հայաստանում Beeline-ի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի ադապտացիա այդ ռազմավարությանը, ինչը դրանց իրագործումը կդարձնի առավել արդյունավետ:
Գալինա Կուրգանովայի հետ զրուցել է Արամ Արարատյանը