13:47 | 13.04.15 | Հոդվածներ | exclusive 5394

360 Stories-ը՝ AppStore-ում

360 Stories վիրտուալ իրականության տեղեկատվական հարթակը թողարկել է մոբայլ հավելված՝ նախատեսված iOS համակարգով աշխատող մոբայլ սարքերի համար:

2013-ից գործող 360 Stories-ը սոցիալական տուրիզմի հարթակ է, որը նախատեսված է վիրտուալ պատմությունների համար: Այստեղ կարելի է սեփական տպավորությունները, պատմություններն ու հիշողությունները կցել դրանց հետ կապված վայրերին:

Այս պահին հավելվածում ներկայացված են միայն Հայաստանի տեսարժան վայրերը: 

Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշում է 360 Stories-ի համահիմնադիրներից Վահագն Մոսինյանը, զբոսաշրջիկները եւ հետազոտողները, ներբեռնելով հավելվածը եւ օգտագործելով Google Cardboard, կարող են առցանց ուսումնասիրել Հայաստանի մշակութային կոթողները, լանդշաֆտները, խոհանոցը եւ ճարտարապետությունը: Բացի այդ, օգտատերերը հավելվածի միջոցով վիրտուալ միջավայրում կկարողանան ստեղծել սեփական պատմությունները:

«Վերջին տարիներին լայն տարածում գտած 360 վիրտուալ շրջագայության գաղափարը նոր՝ վիրտուալ իրականության փուլ է մտնում, որը թույլ է տալիս մարդկանց հայտնվել այն վայրերում, որոնք պատկերված են 360 աստիճանով: Այժմ բազմաթիվ ստարտափներ են ծնվում՝ փորձելով զարգացնել այդ ուղղությունը: Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ հեշտությամբ օգտվեն այդ հաճույքից: Դրա վառ ապացույցն են Google ընկերության ստեղծած Cardboard-ները, որոնք ստվարաթղթից պատրաստված ակնոցներ են: Ձեր հեռախոսի մեջ ունենալով համապատասխան հավելվածներից որեւէ մեկը եւ տեղադրելով ձեր հեռախոսը Cardboard-ի մեջ, կարող եք հայտվել այն վայրերում, որտեղ դեռ չեք եղել եւ շրջել՝ ծանոթանալով տվյալ վայրին»,- պատմում է նա:



Անդրադառնալով 360 Stories-ի ստեղծմանը՝ Վահագն Մոսինյանը նշում է, որ հաղթելով մրցույթներից մեկում՝ փոխանակել են որպես մրցանակ ստացած երկու սմարթֆոնները տեսախցիկի հետ:

«Նոր տեսախցիկով անընդհատ նկարում էինք Երեւանը: Հետո որոշեցինք վիրտուալ միջավայրում գրավիչ պատմություններ հավաքագրել Հայաստանի մասին: Այդպես ստեղծվեց 360 Stories-ը»,- պատմում է նա:

360 Stories-ի համահիմնադիրներից Ալբերտ Պողոսյանն էլ տեղեկացնում է, որ 360 Stories-ով համալրված հաջորդ քաղաքը, ամենայն հավանականությամբ, կլինի Ամստերդամը:

Ներկայում մշակվում է հավելվածի Android տարբերակը:

Նարինե Դանեղյան