12:51 | 14.04.15 | Հոդվածներ | exclusive 3819

PokerQuickie. Օնլայն խաղ՝ դեմ առ դեմ

PokerQuickie-ն օնլայն ռեժիմում պոկեր խաղալու համար նախատեսված հավելված է, որը մրցակիցներին խաղի ընթացքում վիդեոչաթի հնարավորություն է ընձեռում:

Խաղ-հավելվածը թողարկվել է այս տարվա փետրվարին Երեւանում՝ Sentzlab ընկերության կողմից: Այն ստեղծված է սոցիալական գեյմինգի սկզբունքներով, եւ խաղի ընթացքում մասնակիցները վաստակում են միայն վիրտուալ գումար:

Խաղը հասանելի է iOS համակարգով աշխատող սարքերի համար: Android եւ վեբ տարբերակները պատրաստ կլինեն շուրջ մեկ ամսից:

Հավելվածի ստեղծման գաղափարը պատկանում է մոսկվայաբնակ Ներսես Նաջարյանին եւ Sentzlab-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Լեւոն Ավետիսյանին:
Ներսես Նաջարյանը Itel.am-ին պատմում է, որ 2011թ. Մոսկվայում մոբայլ հավելվածների մշակմամբ զբաղվող ստուդիա է հիմնադրել՝ Sentzlab-ը:

«Մեկ տարի առաջ գրասենյակն ամբողջությամբ տեղափոխեցինք Երեւան: Երեւանյան գրասենյակում այս պահին հինգհոգանոց թիմ է աշխատում: PokerQuickie-ն մեր կողմից մշակված առաջին հավելվածն է, որն ամբողջովին հայկական է»,- նշում է նա:

PokerQuickie-ի վիդեոչաթի գործառույթը մրցակիցներին հնարավորություն է տալիս տեսնել միմյանց եւ շփվել՝ խաղալու ընթացքում:

«Հաշվի առնելով այն, որ պոկեր խաղալիս մրցակցի դեմքի արտահայտությունը շատ բան կարող է ասել նրա խաղի եւ հետագա քայլերի մասին, այս գործառույթն իսկապես կարեւոր է»,- նշում է Ներսես Նաջարյանը:  

Խաղն ունի երկու ռեժիմ: Կարելի է պոկեր խաղալ քո ընտրած խաղընկերոջ հետ կամ թույլ տալ, որ համակարգն ինքն ընտրի մրցակցիդ:

«Միանում ես խաղին, սեղմում «խաղալ» կոճակը, եւ համակարգն ավտոմատ միացնում է քեզ կամայական ինչ-որ մեկի հետ՝ սկսելով խաղը: Երբ խաղն ավարտվում է, համակարգը ձեզ իրարից ավտոմատ անջատում է, եւ նոր կամայական խաղացող առաջարկում: Այնպես որ, այս ռեժիմի դեպքում նույն մարդու հետ կարող եք խաղալ միայն մեկ անգամ»,- նշում է PokerQuickie-ի համահիմնադիրը:

Նրա խոսքով՝ նախագիծն ինքնաֆինանսավորվող է, եւ այլ ներդրողներ չունեն:  

Ներկայում մշակում են նաեւ բուքմեյքերական ուղղվածության հավելված՝ կապված համաշխարհային ֆինանսական բորսաների հետ, որը գործելու է Մեծ Բրիտանիայում:

Նարինե Դանեղյան