16:59 | 20.03.15 | Նորություններ | 3222

Արմավիրում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Արմավիրի մարզում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։

Մարտի 20-24-ը Արմավիրի մշակույթի պալատում կցուցադրվի Բրիտանական ֆիլմերի փառատոնի 3 ֆիլմ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Արմավիրում փառատոնի բացումը տեղի կունենա «Անտեսանելի կինը» ֆիլմով։

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ մենք ոչ միայն նպաստում ենք լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլեւ փորձում ենք երեխաներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին եւ համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։  Անչափ կարեւորում եմ այն հանգամանքը, որ այս ֆիլմերը ցուցադրվում են նաեւ մարզերում։ Հայաստանի տարբեր շրջաններում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երեխաների եւ համոզված եմ, որ այս ֆիլմերի ցուցադրությունից հետո էլ ավելի կընդլայնվի նրանց մտահորիզոնը եւ կզարգանա ստեղծագործական ոգին, իսկ Beeline-ըը կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու բրիտանական լավագույն ֆիլմերին: Հատկանշական է, որ ֆիլմերը ներկայացնում են մարդկանց կյանքն ու հույզերը, նրանց առօրյան ու ապրումները, այսպիսով` վերստեղծելով տարբեր դարերի, ինչպես նաեւ ժամանակակից Բրիտանիայի նկարագիրը»,- ասել է Բրիտանական խորհրդի Արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երեւանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» եւ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» բրիտանական ֆիլմերը։ Երեւանյան եւ մինչ այսօր կայացած մարզային ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 7.500 հանդիսատես: