11:39 | 10.03.15 | Նորություններ | 1048

Ավտոկայանատեղիների վճարումները՝ այսուհետ նաեւ տերմինալներով

Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների վճարումը այսուհետ կարելի է կատարել նաեւ տերմինալներով:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքում վճարահաշվարկային տերմինալների տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով դրանք տեղադրվում են Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում: 2-րդ եւ 3-րդ փուլերով նախատեսվում է տեղադրել նաեւ մյուս վարչական շրջաններում:

Տերմինալների տեղադրմամբ զբաղվում են S PAY եւ EASY PAY ընկերությունները:

Դրանք տեղադրվում են վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին կամ հարակից որեւէ հատվածում:

«Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաեւ կոմունալ–կենցաղային, բջջային կապի եւ այլ ծառայությունների դիմաց, առանց միջնորդավճարի: