16:20 | 06.03.15 | Նորություններ | 3989

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորածնային խնամքի սարքավորումներ է հանձնել Թալինի հիվանդանոցին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Թալինի հիվանդանոց եւ նորածնային խնամքի սարքավորումներ տրամադրել վերջինիս:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink ՀԿ-ի` համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքին տրամադրվել են շարժական տաքացուցիչ, ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ եւ այլն:

«Կան նախագծեր, որոնք կարեւոր են ոչ միայն ռազմավարական, հեռանկարային տեսանկյունից, այլեւ անհատական գոհունակության զգացում են պարգեւում` բարի գործի մասնակից լինելու առումով: Անհնար է անտարբեր մնալ կյանքի համար պայքարող այս փոքրիկներին տեսնելիս: Այդ պատճառով մեր ընկերությունը ցանկացավ ջերմության եւ վստահության մի մասնիկ փոխանցել նրանց` տրամադրելով կենսական նշանակության սարքավումներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Բրիտանական BirthLink ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարում գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու Երեւանը:

2008-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 մլն  դրամ: