17:40 | 10.02.15 | Նորություններ | 6465

«Յուքոմ»-ը մասնակցում է FTTH խորհրդի եվրոպական համաժողովին

«Յուքոմ»-ը փետրվարի 10-12-ը մասնակցում է FTTH (Fiber to the Home) խորհրդի Եվրոպայի EXPO XXI համաժողովին՝ ներկայացնելով բնակարաններն օպտիկամանրաթելային մալուխներով ապահովելու բնագավառում իր փորձն ու ձեռքբերումները:

««Յուքոմ» ընկերությունն առաջինն է Հայաստանում, որ օպտիկամանրաթելային մալուխների միջոցով տեղեկատվությունը հասանելի դարձրեց մարդկանց բնակարաններում: Որպես բնագավառի առաջատար` Լեհաստանում «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը բազմաթիվ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացնի ընկերության լավագույն փորձը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Սկզբանական շրջանում «Յուքոմ»-ն իր ցանցը կառուցել է՝ օգտագործելով «Էրիկսոն» (Ericsson) ընկերության BLM 1500 եւ T-Series ONT սարքային բազան: Սակայն երբ «Կալիքս» ընկերությունը (Calix) գնել է «Էրիկսոն»-ի օպտիկամանրաթելային կապի սարքավորումների մասնաբաժինը եւ կատարել համապատասխան պլատֆորմի ինտեգրման աշխատանքներ, ընկերությունն իր հետագա ծառայությունների համար անցում է կատարել դեպի Calix E7-20 Ethernet Service Access համակարգ:

«Հայաստանում լայնաշերտ ենթակառուցվածքը զարգացավ «Յուքոմ» ընկերության որակյալ օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ: Ընկերությունը արդեն առաջարկում է լայն հնարավորություններ կառավարման, կրթության եւ գրադարանային ծառայությունների բնագավառում, ստեղծում է նոր հզոր ծառայություններ, որոնցից կարող են օգտվել մարդիկ իրենց բնակարաններում եւ աշխատավայրերում՝ փոխելով նրանց կյանքը եւ ընձեռնելով նոր հնարավորություններ»,- ասել է «Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը: