15:19 | 10.02.15 | Նորություններ | 3909

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ թողարկվել է Կոմիտասին նվիրված ձայնասկավառակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ թողարկվել է Կոմիտաս վարդապետի 145-ամյակին նվիրված ձայնասկավառակ, որը ներառում է հայերեն եւ անգլերեն յոթ աուդիո եւ մեկ մուլտիմեդիա սկավառակ:

Ալբոմում ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներն ու մատիտանկարները, վարդապետի կատարմամբ պահպանված ձայնագրությունները, ինչպես նաեւ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումները:

Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար: Այն տրամադրվելու է աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին:

«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար»: Սա Պարույր Սեւակի խոսքերն են: Ժամանակն է, որ պատշաճ մակարդակով եւ հետեւողականորեն աշխարհին ներկայացնենք հանճարեղ հայի ստեղծած երաժշտական գանձերը: Կոմիտասյան հարուստ ժառանգության ընտրանին Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ներկայացնելն ունի բարոյական մեծ խորհուրդ: Պետք է ոչ միայն խոնարհվենք, ակնածանք տածենք Կոմիտասի նկատմամբ, այլեւ նրա ապրած կյանքի տիրական ներկայության օրինակով, փորձենք նպաստել ազգի միասնականությանը, ազգային նպատակների իրագործմանը՝ ապրելով եւ գործելով այնպես զուսպ, հետեւողականորեն ու մտածված, ինչպես դա մեզ պարտադրում են նրա թողած ժառանգությունն ու կերպարը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կոմիտաս» ալբոմը թողարկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ մշակույթի նախարարության եւ «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում: Ծրագիրը կյանքի կոչելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 25 մլն դրամ, իսկ Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանը համալրելու ընդհանուր ծրագրի համար՝ ավելի քան 64 մլն դրամ: