18:11 | 26.12.14 | Նորություններ | 5426

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Դսեղում կրթասրահ է բացվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով 6-րդ ստեղծագործարանը:

Նորաբաց կրթասրահը Լոռու մարզի Դսեղ համայնքի դպրոցում է: Այն համալրվել է էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշում են, որ ստեղծագործարանն օգնելու է ոչ միայն աշակերտներին, այլեւ ուսուցիչներին, որոնք ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում` այն դարձնելով առավել հետաքրքիր եւ ուսանելի:

«Դպրոցական սեղանների մոտ տարիներ շարունակ ձեռք բերած հմտություններն առավել օգտակար են դառնում, երբ աշակերտը կարողանում է տրամաբանել եւ ստեղծագործ մոտեցում դրսեւորել: Կարծում եմ, որ այսօրինակ ստեղծագործարանները ֆունկցիոնալ առումով կծառայեն հենց այդ նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«COAF-ի զարգացման փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ գյուղերը առանցքային դեր են խաղում երկրում տնտեսական աճ ու կայուն զարգացում ապահովելու, ինչպես նաեւ կրթության որակը բարձրացնելու գործում: Մեր հուսալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը թույլ կտան տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել տեղեկատվության հասանելիությունը, զարգացնել նորարարությունն ու ստեղծագործականությունը»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Դսեղի դպրոցն ունի 245 աշակերտ: 2013-2014 թթ. այս ծրագրի շահառու են դարձել նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ, Հացիկ, Արագածոտնի մարզի Արտենի, ինչպես նաեւ Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաները: