17:53 | 17.11.14 | Նորություններ | 3166

Պաշտպանիչ պատ Բերքաբերում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների հավաքագրած միջոցներով

Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակելի հատվածի հիմնական մասը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Օգոստոսյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ, ի թիվս սահմանամերձ այլ բնակավայրերի, Բերքաբերը նույնպես ենթարկվում էր պարբերական հրետակոծության, թշնամու հիմնական թիրախը գյուղի դպրոցն էր: Երեխաների կյանքը վտանգված է հատկապես դասամիջոցի կամ դասերից ազատ ժամանակ, երբ նրանք խաղում են դպրոցի հարակից տարածքում:

Հաշվի առնելով հրետակոծության սպառնալիքի մշտական առկայությունը՝ երկաթբետոնե բարձր պատի կառուցումը, որպես պաշտպանության ամենահուսալի միջոց, այլընտրանք չունի: Շինարարական աշխատանքները, սակայն, ենթադրում էին որոշակի ծախսեր, որոնք, ներկա պայմաններում, հավելյալ բեռ էին առաջացնում գյուղի բյուջեի վրա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսների եւ հաշվապահության վարչության աշխատակիցները, ծանոթանալով խնդրին, հաշվի առնելով դրա կարեւորությունն ու հրատապությունը, ինչպես նաեւ գյուղի սահմանափակ ֆինանսական հնարավորությունները, որոշեցին օգնության ձեռք մեկնել գյուղին: Սեփական միջոցներից գումար հատկացնելով՝ նրանք ձեռնամուխ եղան պաշտպանիչ պատի կառուցման գործին:

Հարկ է նշել, որ աշխատանքներ իրականացնող շինկազմակերպությունը` «Շինտեխսերվիս» ՍՊԸ-ն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության ծրագրերից օրինակ վերցնելով, համաձայնել է մետաղյա շրջանակների եռակցման աշխատանքներն իրականացնել անվճար՝ որպես բարի կամքի դրսեւորում: