Ռոլանդ Եղիազարյանը
12:56 | 01.08.14 | Հոդվածներ | 2790
Վերջին շրջանում մեծ հետաքրքրություն վայելող ֆոտոսֆերաները կամ 360 աստիճան պանորամաները ստեղծելն այնքան էլ բարդ չէ: BarCamp Արցախ 2014-ի ժամանակ ծրագրավորող Ռոլանդ Եղիազարյանը ներկայացրել է ֆոտոսֆերաների ստեղծման մեխանիզմը:
Ռոլանդ Եղիազարյանը ֆոտոսֆերաների համար Google-ի կողմից ստեղծած հատուկ կայքում Հայաստանից գրանցված մասնակիցների թվում իր էջի այցելությունների քանակով 2-րդ տեղն է զբաղեցնում: Շուրջ 69 պանորամա ունեցող էջն ունի 12 հազար եւ ավելի այցելություն:
«Ֆոտոսֆերան սովորական նկարներից է կազմված, որոնք պարունակվում են որոշակի ինֆորմացիա նկարի տեղանքի մասին: Իրականում այն ստեղծելը բավական հեշտ է»,-ասում է Ռոլանը:
Նրա փոխանցմամբ, ֆոտոսֆերա կարելի է ստեղծել անդրոիդ հեռախոսով:
«Google Nexus-ի կամ անդրոիդ 4.4+ -ով աշխատող ցանկացած հեռախոսով կարող են ներբեռնել Google-ի տեսախցիկի հատուկ հավելվածը, որով եւ արվում է ֆոտոսֆերան: Գործիքն առաջարկում է կետեր, թե ո՞ր դիտանկյունից է պետք նկարել, ընդհանուր առմամբ մեկ ֆոտոսֆերայի համար մոտ 40 նկար է պահանջվում, որոնք ծրագիրը միացնում է իրար եւ տալիս տարածքի ամբողջական` 360 աստիճան պանորաման»,- ասում է նա:
Ռոլանդ Եղիազարյանը նշում է, որ լավ որակով ֆոտոսֆերա ստանալու համար պետք է տարածքում շարժվող մարդիկ չլինեն, խորհուրդ է տրվում նաեւ միացնել GPS-ը, որը ֆիքսում է տեղանքը, եւ կայքում ներբեռնելիս մեխանիկորեն նշում այն:
Նկարելիս պետք է սկսել «ամենաանհետաքրքիր» կամ ոչ կարեւոր հատվածից, որպեսզի նկարները միմյանց կպցնելիս օբյեկտը չխախտվի:
«Ֆոտոսֆերաները կարելի է ներբեռնել Google Maps-ում, այն նաեւ խթան է տեղական բիզնեսի զարգացման համար: Մոտ մեկ տարի առաջ Googe նոր գործիք առաջարկեց, որը թույլ է տալիս, իրար միացնել նույն տարածքում գտնվող մի քանի ֆոտոսֆերա եւ ստեղծել տարածքի ամբողջական պատկերը»,-ասում է Ռոլանդ Եղիազարյանը եւ նշում, որ ներկայումս վաճառվում է նաեւ հատուկ այս նպատակով ստեղծված տեսախցիկ, որը միանգամից տարածքը նկարում է 360 աստիճանով:
Տեքստ եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի