11:55 | 30.06.14 | Հոդվածներ | exclusive 6936

HIVE՝ նախնական ֆինանսավորում ձեր start up-ի համար

HIVE-ը Հովնանյան հիմնադրամի կողմից կառավարվող ծրագիր է: Գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում: Նախորդ տարի ծրագրի  համահիմնադիրներ Նինա Կույումջյանը, Լաուրա Բիլազարյանը եւ Հրագ Համալյանը որոշեցին ստեղծել օնլայն հարթակ` աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ազգությամբ հայ ՏՏ ոլորտի մասնագետների, նորարարների եւ ընկերությունների հիմնադիրների համար` կենտրոնանալով Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Վերջերս գործարկվեց ծրագրի կայքը`Hivestart.com-ը:

Մեդիամաքսը զրուցել է HIVE ծրագրի տնօրեն Գլեն Դալաքյան II-ի հետ:

-HIVE-ը հայկական start up-երի եւ մենթորների համար ստեղծված առաջին գլոբալ վիրտուալ ցանցն է: Ինչպե՞ս է այն պատրաստվում աջակցել start up-երին:

- Օգտատերերը կարող են գրանցվել կայքում, ինչը նրանց թույլ կտա որոնել այլ անդամների` ըստ աշխատանքի եւ փորձառության: Այստեղ նաեւ կարելի է դիմել HIVE-ից աջակցություն ստանալու համար: 

Սկզբում նախնական աջակցություն ենք տրամադրում start up-ին եւ հաջորդ 6-9 ամիսների ընթացքում մեր մասնագետներից մեկը որպես մենթոր  աշխատում է տվյալ start up-ի հետ: Ապա օգնում ենք նրանց հայտնվելու ներդրումների հաջորդ փուլում, ընդլայնելով իրենց ընկերության գործունեությունը:

HIVE-ի թիրախում են ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում բնակվող հայերը: Սա միակ ճանապարհն է լցնելու հայկական startup էկոհամակարգում առկա ճեղքերը: 

- Ինչպես նշված է ձեր կայքում, արդեն իսկ ընտրվել են առաջին 4 start up-երը, որոնք ձեր կողմից ֆինանսական աջակցություն են ստանում:  

- Այո, այս պահին մենք աջակցություն ենք տրամադրում 4 նախագծերի: Նպատակն է տարեկան մի քանի ընտրական փուլեր ունենալ: Տարվա ավարտին կսկսենք աշխատել ներդրումների հաջորդ փուլի վրա` ընտրելով 3-5 նոր նախագծեր: 

Այս տարի ավելի վաղ, երբ մրցույթ էինք հայտարարել, աշխարհի տարբեր ծայրերից 20-ից ավելի start up-եր դիմեցին մեզ: Հաջորդ փուլ անցան մեր չափանիշներին համապատասխանող 7 լավագույնները: Ապրիլին Google Hangout-ի միջոցով խմբակային հանդիպում կազմակերպեցինք 7 ծրագրերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մեր մասնագետները նրանց տարատեսակ հարցեր տվեցին եւ պատկերացում կազմեցին յուրաքանչյուրի մասին: Արդյունքում մասնագետները քվեարկեցին եւ ֆինանսավորման համար ընտրեցին 4 start up-երի:  Դրանք են`

-Discotech-ը գիշերային կյանքը հեշտացնելու նպատակով ստեղծված հավելված է: Այն թույլ է տալիս օգտատերերին ընտրել սեղան ռեստորանում` բազմաթիվ տարբերակներից, գրանցվել հյուրերի համար նախատեսված անվճար ցուցակում, սեղան պատվիրել: Տրամադրվում է տոմսեր գնելու ծառայություն, ինչպես նաեւ սիրելի ակումբներ VIP մուտք ունենալու հնարավորություն: Ներկայումս հավելվածը գործում է Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում: Շուտով գործունեության աշխարհագրությունը կընդլայնվի;

-News Deeply-ն նոր մեդիայի եւ տեխնոլոգիաների ընկերություն է, որի նպատակն է բարելավել օգտատերերի փորձը գլոբալ նորությունների ասպարեզում:  Նրանց առաջին նախագիծը  Syria Deeply-ն է, որը տրամադրում է սիրիական կոնֆլիկտի խորը լուսաբանում: Նրանք նաեւ ստեղծում են վերարտադրվող բովանդակությամբ հարթակ` այլ թեմաների եւ լսարանների համար;

-AthElite-ը համապարփակ, փոխկապակցված եւ գրավիչ առաջին սպորտային  ինֆոդարանն է: Այն թույլ է տալիս օգտատերերին հայտնաբերել յուրահատուկ ինֆորմացիա, ստեղծել կամ տարածել իրենց սիրելի սպորտային ակնթարթի մասին տեղեկատվություն: Այստեղ կարելի է գտնել ԱՄՆ-ում հայտնի մարզաձեւերի մասին վիճակագրական տվյալների ողջ բազան;
   
-Browsy-ին Pinterest-ի fashion board-երը վերածում է քո սեփական  նորաձեւության շոփինգ ալբոմի, եւ թույլ է տալիս հեշտորեն համեմատել գները օնլայն գնումներ կատարելիս: 

-Ձեր ներկայացրած բոլոր 4 start up-երը գտնվում են զարգացման որոշակի փուլում: Արդյո՞ք ֆինանսավորում եք նաեւ գաղափարի փուլում գտնվող նախագծեր:
 
-Այս պահին չենք ֆինանսավորում գաղափարի փուլում գտնվող start up-երին: Նախագծերը, որոնք ներկայացվում են ֆինանսավորման համար, պետք է գտնվեն զարգացման որոշակի փուլում եւ, միեւնույն ժամանակ, չպետք է լիովին գործարկված լինեն:  Start up-ը ներկայանալիս պետք է կարողանա ապացուցել, որ ի վիճակի է մինչեւ վերջ հասցնել նախագիծը:
Ինչ վերաբերում է անհատներին, ապա նրանք կարող են օգտագործել HIVE-ը հետեւյալ ձեւով. գրանցվել մեր կայքում ու դրա միջոցով գտնել նույն գաղափարները կիսող մարդկանց` մենթորներ, ներդրողներ եւ այլն: Կայքը գործարկվել է մայիսի 22-ին` Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ, եւ արդեն մոտ 300 մարդ է գրանցվել այնտեղ:

- Ի՞նչ ժամկետներ են սահմանված HIVE-ից ֆինանսական աջակցություն ստանալու դիմումների համար:

-Վերջնաժամկետ չկա: Ընկերությունները կարող են դիմել ցանկացած պահի: Մեր կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար պարտադիր չէ Հայաստանի քաղաքացի լինել, բայց հայկական արմատների առկայությունը պարտադիր պայման է: Յուրաքանչյուր start-up կարող է դիմել HIVE-ից ֆինանսավորում ստանալու համար ազգությամբ հայ գոնե մեկ համահիմնադրի առկայության պայմաններում: Մենք պատրաստ ենք աշխատել աշխարհի ցանկացած կետում գործող start up-երի հետ: 

- HIVE նախագծի հաջորդ մեկնարկային հանդիպումը կայանալու է Երեւանում՝ հուլիսի 2-ին: Ի՞նչ հարցեր են քննարկվելու դրա ընթացքում:

- Ինչպես ասացի, առաջին մեկնարկային հանդիպումը կայացել է Նյու Յորքում մայիսի 22-ին, որին ներկա է գտնվել մոտ 100 մարդ: Հուլիսի 2-ին մենք կհավաքվենք Երեւանում` Թումո կենտրոնում`պաշտոնապես բացելու HIVE-ը Հայաստանում: Երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսին` Սան Ֆրանցիսկոյում: Մինչեւ երեւանյան հանդիպումը նպատակ ունենք հավելյալ գործիքներ ավելացնել կայքում` մեր անդամների համար: Խոսքն այն գործիքների մասին է, որոնք մարդիկ օգտագործում են մենթորային ծրագրեր գտնելու եւ ցանց ստեղծելու համար:

Ավելի ուշ կլինեն օֆլայն եւ օնլայն միջոցառումների անցկացմանը վերաբերող գործիքներ: Նախատեսում ենք նաեւ արժեքավոր ռեսուրսների մասին տեղեկատվություն տրամադրել start up-ներին: Թվարկածս գործիքները կփորձենք ներկայացնել երեւանյան մեկնարկային հանդիպման ժամանակ:

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաեւ 2.0 սկզբունքում աշխատող մեր կայքը:

- Ինչո՞վ եք HIVE-ի գործունեությունը կարեւորում ինքներդ:
 
- Անձամբ ինձ համար անգնահատելի է HIVE-ի համախմբող արժեքը: Առաջին անգամ է, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում հայկական տարածք բերելու բոլոր շահառուներին: Յուրաքանչյուրը կարող է գրանցվել կայքում, գտնել այլ մասնագետների, ընկերությունների հիմնադիրների, ձեռնարկատերերի, բարձր որակավորում ունեցող մենեջերների: Հարթակի առանձնահատկությունն այն է, որ բոլորը կարող են մասնակցություն ունենալ եւ օգուտ քաղել դրանից:

Մենք փորձում ենք խրախուսել աշխարհի տարբեր ծայրերից եկած  ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում, ուղղորդում ենք, որպեսզի աշխատանքի  վերցնեն ազգությամբ հայ մասնագետների: Օգնում ենք նրանց կապ հաստատել ճիշտ մարդկանց հետ եւ ճիշտ ռեսուրսներ օգտագործել: Մեր կարծիքով, սա Հայաստանի զարգացմանը նպաստելու լավագույն տարբերակն է:

Ցանկանում ենք Հայաստանում զարգացնել start up-երի այս էկոհամակարգը, քանի որ այսօր բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են ստեղծվում ձեռնարկություններին աջակցելու նպատակով: 

Մեզ համար կարեւոր է, որպեսզի այն հայ երիտասարդներն, ովքեր ցանկանում են աշխատել ՏՏ ոլորտում կամ սեփական ընկերություններ բացել, ոգեւորվեն: Ցանկանում ենք աջակցել նրանց, տրամադրելով այն ռեսուրսները, որոնց կարիքը նրանք ունեն: Մտադիր ենք դա անել սփյուռքում հայտնի ձեռնարկատերերի օգնությամբ` օգտագործելով նրանց որպես մենթորներ, ովքեր միանալով այս գաղափարին, կլցնեն ներդրումների, տաղանդի եւ գիտելիքի միջեւ առկա անցքերը:

HIVE-ի գործունեությունը լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հետաքրքիր start up-եր, որոնում են ներդրողներ, գործընկերներ կամ ռեսուրսներ, ինչպես նաեւ ցանկանում կապ հաստատել այլ հայերի հետ: Մենք ցանկանում ենք բոլորին ներկայացնել հայկական start up-երի մեծ ներուժը:

Գլեն Դալաքյան II -ի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը