13:12 | 23.07.14 | Նորություններ | 849

PayPal-ի վրա եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել Idram-ի միջոցով

PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել Idram-ի միջոցով, կանխիկացնել Idram-ի մասնաճյուղերում:

Կանխիկացման համար կպահանջվի կանխիկացվող գումարի մինչեւ 5%-ը:

Idram ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանն  ընկերության 10-ամյակի շեմին կարեւորել է նման քայլը եւ նշել, որ պատրաստվում են մասնաճյուղային ցանցի եւ աշխարհագրության  ընդլայնում, որի արդյունքում Idram-ը հասանելի կլինի ՀՀ ողջ տարածքում: Նրա փոխանցմամբ, ընկերությունը նախատեսում է նաեւ ծառայությունների ցանկի եւ միջազգային կապերի մեծացում:Idram-ի զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը նշել է, որ բազմաթիվ օգտատերերի կողմից դիմումներ են ստացել PayPal հաշվին եղած գումարի կանխիկացման գործընթացի հեշտացման խնդրանքով:

«Հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու առկա պահանջարկը` Idram-ը երկար աշխատել է, եւ այսօր հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել PayPal-ը, կամ փոխարկել, ինչի համար գործում է մասնագիտացված Paypal.idram.am կայքը, որտեղ պետք է նշել ստացողի անուն-ազգանունն ու անձնագրային տվյալները, որից հետո նա կարող է իր գումարը ստանալ Idram-ի ցանկացած մասնաճյուղից»,- ասել է նա:

Նարեկ Վարդանյանը նշել է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաեւ հակառակ գործարքը, երբ PayPal հաշիվը հնարավոր կլինի լիցքավորել Idram-ի միջոցով, եւ կարեւորել այն հանգամանքը, որ «շուտով մի շարք միջազգային վճարային համակարգեր հասանելի կլինեն Հայաստանում»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատել է, որ ՏՏ ոլորտը վերջին տասը տարիների ընթացում տարեկան 25% աճ է գրանցում. «Կան մի շարք սահմանափակումներ, որոնց չլինելու դեպքում աճը կկազմեր 30-35%:  Սահմանափակումներից մեկն էլեկտրոնային առեւտրի համար նախատեսված ենթակառուցվածքի բացակայությունն է, իսկ այս տեսանկյունից վերոնշյալ  փոփոխությունը բավական կարեւոր  ձեռքբերում է»,-ասել է նա: