10:22 | 21.07.14 | Նորություններ | 4794
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Վանաձորում անցկացվող երիտասարդական «Վիքի» ճամբարի մասնակիցների հետ:
«Վիքի» ճամբարները կազմակերպվում են Վանաձորում երկու փուլով՝ հուլիսի 6-ից 20-ը եւ օգոստոսի 12-ից 26-ը՝ «Վիքիմեդիա» հիմնադրամի եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության ջանքերով:
«Հայկական ազգային ինքնության եւ պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը եւ գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը: Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաեւ վիրտուալ աշխարհում: Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:
«Վիքի» ճամբարի առաջին հերթափոխում ընդգրկվել են Երեւանի «ԱՅԲ», ֆիզմաթ մասնագիտացմամբ դպրոցների, Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» դպրոցի ավագ դասարանների աշակերտներ, սիրիահայ պատանիներ, ինչպես նաեւ աշակերտներ եւ ուսանողներ՝ Եղվարդից, Ապարանից, Կոտայքից եւ Արցախից:
«Վիքիմեդիա Հայաստանի» նպատակն է ինտերնետի, մասնավորապես՝ «Վիքիմեդիայի», «Վիքիգրադարանի», «Վիքիգրքերի» եւ «Վիքիճանապարհորդի» միջոցով բազմապատկել եւ բովանդակային առումով հարստացնել Հայաստանին, հայոց պատմությանն ու մշակույթին, Հայոց եղեռնին եւ հայկական հարցերին նվիրված հայալեզու եւ օտարալեզու բովանդակությունը:
Երկու շաբաթվա ընթացքում ճամբարի մասնակիցները կտիրապետեն «Վիքի» խմբագրման գործիքներին եւ կհրապարակեն հոդվածներ` «Վիքիպեդիայի» գործող խմբագիրների ղեկավարությամբ: Ճամբարի մասնակիցների աշխատանքներն առավել դյուրին եւ արդյունավետ դարձնելու նպատակով՝ «Վիքիգրադարանը» կհամալրվի արեւելահայ եւ արեւմտահայ գրողների ստեղծագործությունների թվայնացված տարբերակներով: Հոդվածների կազմման համար մասնակիցների տրամադրության տակ կլինեն նաեւ տպագիր աղբյուրներ: Ամենօրյա ժամանցային ծրագրում ընդգրկված են հայկական երգի եւ պարի դասեր, հայկական ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաեւ հանդիպումներ ճանաչված գիտնականների, գրողների եւ մշակութային գործիչների հետ:
Բացի այդ, ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու «Վիքի ճամփորդություն», այցելելու Լոռու եւ Շիրակի մարզերի թանգարաններ եւ պատմական հուշարձաններ: