13:13 | 08.07.14 | Նորություններ | 3919

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցել է հրշեջ-փրկարարների եւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջեւ ուղիղ տեսակապի իրականացմանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը նշանավորվել է համատեղ իրականացվող նորարարական եւս մեկ ծրագրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրականացման համար տրամադրել է իր՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ԱԻՆ-ին է տրամադրել բջջային գերժամանակակից 100 հեռախոս (փոխանցման բարձր արագություններ եւ որակյալ տեսանկարահանում ապահովող Alcatel One Touch C5 սմարթֆոն), որն օգտագործվում է դեպքի վայրից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) տեսապատկերային օպերատիվ տվյալներ փոխանցելու համար:

Դեպքի վայր ժամանելուն պես՝ փրկարարական խմբի անդամներից մեկն իրականացնում է դեպքի համակողմանի նկարահանում, որն իրական ժամանակի ռեժիմով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G եւ 3G/DC HSDPA ցանցերի միջոցով փոխանցվում է ԱԻՆ ՃԿԿ: Օպերատիվ տեսակապի հաստատումը ՃԿԿ-ում գտնվող համապատասխան մասնագետներին թույլ է տալիս վիրտուալ տեղափոխվել դեպքի վայր: Իրավիճակի եւ փրկարարական գործողությունների ամբողջական պատկեր ստանալու հնարավորությունը ՃԿԿ-ին օգնում է՝ իրավիճակի ճշգրիտ գնահատման, փրկարարական ջոկատի աշխատանքների արդյունավետ համակարգման, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելու, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու եւ այլ օպերատիվ որոշումներ կայացնելու գործում:

Բացի ճգնաժամային իրավիճակի կամ դեպքի ընթացիկ մոնիտորինգն ու վերահսկումը, փրկարարական գործողությունները, ինչպես նաեւ այլ ծառայությունների հետ համագործակցությունը նմանօրինակ իրավիճակներում է՛լ ավելի արդյունավետ եւ համակարգված դարձնելու նպատակով, ներդրված նոր համակարգը թույլ է տալիս ՃԿԿ-ում գտնվող հատուկ սերվերում նաեւ արխիվացնել դեպքի վայրից ստացված տեսանյութերը՝ իրականացված փրկարարական գործողությունները հետագայում համակողմանիորեն վերլուծելու, թիմային եւ անհատական ջանքերին փորձագիտական գնահատական տալու համար: Արխիվացված նյութերը կօգտագործվեն ուսուցողական նպատակներով, ինչպես նաեւ կունենան ապացուցողական նշանակություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ազգային համակարգը կատարելագործելու գործում: Բազմիցս է ապացուցվել, որ արտակարգ իրավիճակներում ադյունավետ արձագանքման համակարգի առկայությունը կարող է էականորեն նվազեցնել ու անգամ կանխարգելել բացասական հետեւանքները: Արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով անվճար հիմունքներով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ տրամադրել է իր մրցակցային առավելություններից հիմնականը՝ Հայաստանում ամենաընդարձակ ռադիոծածկույթը՝ 2G եւ 3G/DC HSDPA ցանցերով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: