Անդրեյ Պյատախինը
10:36 | 14.04.14 | Նորություններ | exclusive 3740
Հայաստանում MNP (Mobile number portability) ծառայության ներդրումից հետո Beeline ցանց է տեղափոխվել 525 բաժանորդ:
Այդ մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք չենք տեսնում այդ ծառայության հսկայական պահանջարկը: Այսօր, երբ առկա է մարդուն սոցիալական ցանցերում, այլ ոչ թե բջջային հեռախոսահամարի միջոցով գտնելու հնարավորությունը, այդ համարի արժեքը նվազում է»,- ասել է Անդրեյ Պյատախինը:
Նա տեղեկացրել է, որ ԱրմենՏելի ցանց է վերադարձել այն բաժանորդների մի մասը, ովքեր անցում էին կատարել այլ օպերատորների ցանցեր ապրիլի 1-ին MNP ծառայության ներդրումից հետո:
«Դա նույնպես հետաքրքիր միտում է: Որոշ բաժանորդներ հետաքրքրվում են նորություններով կամ պարզապես հետեւում են բոլոր նորամուծություններին, եւ նոր ծառայությունը փորձելուց հետո նրանց մի մասը ետ վերադարձավ»,- ասել է Անդրեյ Պյատախինը:
Խոսելով Հայաստանում MNP ծառայության ներդրման նպատակահարմարության մասին` Անդրեյ Պյատախինն ասել է, որ ԱրմենՏելը հատուկ ուշադրություն է դարձրել խնդրի տեխնիկական մասին:
«Ամենակարեւորն այն է, որ ծառայությունը գործում է: Մեզ համար կարեւոր է, որպեսզի անցում կատարած բաժանորդները որեւէ անհարմարություն չզգան: Մենք բաժանորդներից ցանցի աշխատանքի վերաբերյալ բողոքներ չենք ստացել, եւ դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,- ասել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենը: