11:31 | 10.04.14 | Նորություններ | 1288

Հաստատվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները:

Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝  նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր  ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի ստեղծումը:

Ըստ էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգի, ՀՀ-ում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացմանը, էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, կիբեռանվտանգության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու մի շարք այլ մարտահրավերների հաղթահարմանը:

Հայաստանում  սկիզբ է առել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կառավարության կողմից դեռ 2010թ. ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային պորտալը, 2012 թվականից  կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր եւ նույնականացման քարտ, ներդրվել է էլեկտրոնային գնման համակարգը: Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային  ծառայությունների տարածումը: