15:28 | 12.03.14 | Նորություններ | 848
ՀՀ կառավարության առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորել է այս ոլորտի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները` համատեղ լուծումներ գտնելու եւ ծրագրեր իրականացնելու համար:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետն ասել է, որ ՏՏ զարգացման խորհուրդը ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:
«Դրա նպատակն է, որպեսզի մենք իրական հատվածից ստանանք ազդակներ, թե որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները, որպեսզի կառավարությունն օպերատիվ արձագանքի, գտնի լուծումներ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ հարցերի ճնշող մեծամասնությունը ստանում է լուծումներ:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցեր եւ դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրներ:
Զեկուցվել է նաեւ Հայաստանում ռոբոտաշինության խմբակների ստեղծման եւ զարգացման` «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ընթացքը: Այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն իսկ ստեղծվել են 60 խմբակներ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչն արժանացել է Տիգրան Սարգսյանի հավանությանը: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաեւ տարբեր դոնորների:
Նիստում քննարկվել են նաեւ Հայաստանում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման եւ հավաստագրման կենտրոնների ստեղծման եւ գործարկման ծրագրին առնչվող հարցեր: