12:27 | 18.02.14 | Նորություններ | 3797
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի այլ օպերատորների հետ համատեղ իրականացնում է անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները` շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգը (Mobile Number Portability-MNP) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում գործարկելու համար:
Այս մասին Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:
Նա նշել է, որ «ընկերությունը էական միջոցներ է ներդրել ինչպես տեխնիկական վերազինման, այնպես էլ անձնակազմի` նշված ծառայության մատուցման համապատասխան հմտություններով վերապատրաստման համար»:
Վահե Իսահակյանը նկատել է, որ Կենտրոնացված տվյալների բազայի շահագործումը բարդ խնդիր է եւ բոլոր ներգրավված կողմերից պահանջում է համակարգված աշխատանք:
«Ծառայության գործարկման նախապատրաստական փուլում պարբերաբար ի հայտ են գալիս տարբեր տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ
ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,- ասել է նա:
Վահե Իսահակյանն ասել է, որ Կենտրոնացված տվյալների բազան եւ ծառայությունն առհասարակ ներկայումս գտնվում են փորձարկման փուլում: