14:08 | 21.01.14 | Նորություններ | 2091

Մեկնարկեց Beeline Scholarship ծրագրի երկրորդ փուլը

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Scholarship ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Beeline Scholarship ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ եւ նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:

Ծրագրի երկրորդ փուլի արդյունքներով, որը մեկնարկել է այսօր եւ կընթանա մինչեւ հունվարի 24-ը, հանձնաժողովն առաջին փուլն անցած 179  մասնակցից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան «Beeline կրթաթոշակ»-ին:

«Beeline Scholarship» ծրագիրը լայն արձագանք գտավ հանրապետության ողջ տարածքում։ Այսօր, առավել քան երբեւիցե, անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում եւ մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն շարունակելու ենք աջակցել կրթական ծրագրերի իրականացմանը եւ խրախուսել հայ երիտասարդներին իրենց սեփական ուժերով հասնել հաջողության եւ կյանքը դարձնել ավելի լավ»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Scholarship ծրագիրն իրականացվում է երկու հիմնական փուլով: Առաջին փուլին, մասնակցել է ավելի քան 550 ուսանող, որոնց մեջ գերակշռում են տնտեսագիտություն, բիզնես կառավարում եւ լեզվաբանության ոլորտում սովորող ուսանողները: Երկրորդ փուլ անցած բոլոր ուսանողները հանձնաժողովին կներկայացնեն իրենց ծրագիր առաջարկը տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով, որից հետո հանձնաժողովը կկայացնի իր որոշումը:

Beeline Scholarship ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերի 25-ից եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում ԱրմենՏել  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը նաեւ կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում նրանցից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն եւ մասնակցելու դասընթացի: