14:08 | 20.01.14 | Նորություններ | 1216

Ադրբեջանցիները հունվարին 71 հայկական կայք են կոտրել

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանցի ցանցահենները 2014թ. հունվարի ընթացքում 71 հայկական կայք են կոտրել:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:

Ընդհանուր առմամբ, 2014թ. հունվարին կոտրվել են թվով 71 հայկական կայքեր, որոնցից 24-ն այս գիշեր մասսայական հարձակման զոհ են դարձել ադրբեջանական "Sexavet" եւ "Anti-armenia.ORG" հաքերային խմբավորումների կողմից:

Վնասված կայքերի մեծ մասը դեռեւս վերականգնված է, չնայած այն հանգամանքին, որ նման իրավիճակներում ընկերության կողմից մշակված հատուկ համակարգը շատ արագ իրազեկում է կայքի տեխնիկական եւ ադմինիստրատիվ պատասխանատուներին կայքի աշխատանքները վերականգնելու եւ ադրբեջանական քարոզչությունն անուղղակի կերպով չտարածելու վերաբերյալ:

Փորձագետը նշել է, որ մասսայական հարձակման զոհ դարձած կայքերի միջեւ ընդանուր կապը մեծ չէ: «Դրանցից մի քանիսը մշակված են նույն վեբ-ստուդիայի կողմից, մյուս՝ գերակշռող մասը` անհայտ ծրագրավորողների կողմից պատրաստված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքներ են հիշեցնում»,- ասել է նա:

Որպես նմանօրինակ հարձակումներից պաշտպանության մեթոդ փորձագետը նշել է նախորդ տարի «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի կողմից ներկայացված «Web Defense» ներխուժման հայտնաբերման եւ կանխման համակարգը, որը նախագծված է փոքր եւ միջին բիզնես ծավալող կազմակերպությունների համար:  

«Այն ընդունակ է իրական ժամանակում մշակել եւ կասեցնել կայքին ուղղված ցանկացած տիպի հարձակում՝ ապահովելով կայքի անխափան եւ կայուն աշխատանքը»,- ասել է Սամվել Գեւորգյանը:

Ադրբեջանցի հաքերների ակտիվությունը պայմանավորված էր «Սեւ հունվար» միջոցառմամբ: Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով,  հաջորդ խոշոր հարձակմանը կարելի է սպասել փետրվարին: