12:34 | 22.11.13 | Նորություններ | 3482

AppCON 2013-ում Պյատախինը խոսել է հայալեզու հավելվածների սակավության մասին

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ «Տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»  հիմնադրամն այսօր Երեւանում անց են կացնում AppCON 2013 միջազգային համաժողովը:

ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասել է, որ տարեցտարի ավելի մեծ քանակությամբ բջջային հավելվածներ են մշակվում, եւ օպերատորը պետք է ներդաշնակեցնի իր գործողություններն այդ միտման հետ: 

«Բջջային հավելվածները դարձել են բաժանորդի կյանքի այնպիսի մասնիկներից մեկը, ինչպիսին, օրինակ, ատամի խոզանակն է, գրիչը, ավտոմեքենան եւ այլն», - ասել է ընկերության ղեկավարը:

Անդրեյ Պյատախինը նշել է, որ Հայաստանում հայալեզու բջջային հավելվածների պակաս կա: «Ես հիմա հայերեն եմ սովորում եւ դժվարանում եմ գտնել մի հավելված, որը կարող եմ ճանապարհին օգտագործել», - ասել է նա:

«Կա ներուժ, բայց պրոդուկտ չկա: Դա մի չզբաղեցված նիշա է, որը կարող է օգտագործվել ոչ միայն Հայաստանում, այլեւ հայկական Սփյուռքում», - ասել է Անդրեյ Պյատախինը: Նա հավելել է, որ ԱրմենՏել-ը պատրաստ է առաջարկներ քննարկել եւ աջակցել երիտասարդ մասնագետներին:

Իր հերթին, Մայքրոսոֆթի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ 2013 թվականին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մասնակցությամբ մշակվել են մոտ 200 բջջային հավելվածներ հայերեն լեզվով: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն մոտ 1000 բջջային հավելվածներ հայերեն լեզվով:

AppCON 2013 համաժողովի գլխավոր աջակիցն է «ԱրմենՏել ՓԲԸ» (ապրանքանիշը՝ Beeline):