15:53 | 25.10.13 | Նորություններ | 3511

    «ԱրմենՏելը» համաձայն չէ ՏՄՊՊՀ որոշման հետ, իսկ «Օրանժ Արմենիան» ողջունում է այն

    «ԱրմենՏել» ընկերությունը համաձայն չէ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից այսօր ընդունված որոշման հետ, որով վերջինս ընկերությանը տուգանել է 20 միլիոն դրամով:

    «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Անուշ Բեղլոյանը Մեդիամաքս-ի թղթակցին ասել է, որ այս որոշման մասին ընկերությունը տեղեկացել է ԶԼՄ-ներից:

    «Սա շատ զարմանալի որոշում է: Մեր ներկայացուցիչը չէր հրավիրվել հանձնաժողովի այսօրվա նիստին, չնայած մասնակցել էր նախորդ բոլոր քննարկումներին: Այս որոշման հիմքերը մեզ համար անհայտ են եւ անհասկանալի»,- նշել է Անուշ Բեղլոյանը:

    Նա տեղեկացրել է, որ ընկերությունը սպասում է ՏՄՊՊՀ որոշման պաշտոնական տեքստին:

    «ԱրմենՏել» ընկերության դեմ բողոքը ՏՄՊՊՀ էր ներկայացրել «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

    Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում «Օրանժ Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանն ասել է, որ ընկերությունը ողջունում է ՏՄՊՊՀ որոշումը: Ըստ նրա, «ընկերության հայցի նպատակն էր հասնել  շուկայում առողջ մրցակցության վերականգնմանը, ինչը եւ հաստատվեց այսօրվա որոշմամբ»: