12:41 | 25.10.13 | Նորություններ | 5280

    Հանձնաժողովը 20 մլն դրամով տուգանեց ԱրմենՏել-ին` Օրանժ-ի բողոքի հիման վրա

    ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր 20 միլիոն դրամի չափով տուգանել է «ԱրմենՏել» ընկերությանը:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «ԱրմենՏել» ընկերության դեմ բողոքը ներկայացրել էր «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

    Բողոքում նշված էր, որ ԱրմենՏելը ս.թ. սեպտեմբերին գործարկել է նոր սակագնային փաթեթ` «Պարզից Պարզ» անվանմամբ: «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնել էր, որ այն իր` «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն եւ այդ անվանումը դեռեւս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում` որպես սպասարկման նշան: 

    Ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության` մրցակից  «ԱրմենՏել» ընկերության կողմից գործարկված «Պարզից Պարզ» սակագնային փաթեթը շփոթություն է առաջացնում իրենց ընկերության «Պարզ» անվանմամբ սպասարկման նշանի հետ:

    Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ դիմած կողմը հայտնել է, որ «ԱրմենՏել»-ի սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են նարնջագույն եւ կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ, որոնք ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս 2 օպերատորներին` «Օրանժ Արմենիա» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններին, որոնք գովազդում ներկայացվում են «պայքարում պարտված»: 

    «Օրանժ Արմենիա» ընկերությունը նշել է, որ «ԱրմենՏել»-ի նման վարքագիծը վնասում է կամ կարող է վնասել իրենց համբավին եւ գործարար վարկանիշին:

    «ԱրմենՏել»-ը չի ընդունում, որ խախտում է թույլ տվել: Այսօրվա նիստին «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները ներկա չէին:

    Ուսումնասիրելով բողոքը` ՀՀ ՏՄՊՊՀ պարզել է, որ «ԱրմենՏելի» կողմից անբարեխիղճ մրցակցության փաստն առկա է, ինչի համար էլ վերջինիս նկատմամբ սահմանվեց 20 միլիոն դրամի չափով տուգանք: