12:03 | 13.09.13 | Նորություններ | 1020

ՀՀ կառավարությունը եւ Oracle-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք Oracle-ի հետ ձեւավորվելիք համագործակցությունը եւ վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են հայկական կողմի եւ ամերիկյան ընկերության միջեւ նորարարության, գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաեւ ՀՀ շուկայում Oracle-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր:
 
Ալեն Բլանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ընկերության մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը:

Այնուհետեւ վարչապետի ներկայությամբ ՀՀ կառավարության եւ Oracle ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Oracle ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը: 

Հուշագրով նախատեսվում է աջակցություն  Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` Oracle-ի կրթական ծրագրի շրջանակներում, պետական մարմիններում Oracle-ի լուծումների կիրառման գնահատում եւ ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում եւ այլն:

Հայկական կողմի եւ Oracle-ի միջեւ համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի  եւ ամերիկյան ընկերության ղեկավարների միջեւ Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:

Oracle ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրներում: