Ռալֆ Յիրիկյանը
16:53 | 30.08.13 | Նորություններ | 4165
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ընտանիքի հանգանակությամբ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվել է «Մութ ու Լուս աշխարհ» սրահը:
3D տեխնոլոգիայով կահավորված սրահում երեխաները կարող են դիտել «Ձախորդ Փանոսը» հեքիաթը եւ մասնակից դառնալ դրա գործողություններին: «Ձախորդ Փանոսը» «Մութ ու Լուս աշխարհում» ներկայացված առաջին անիմացիոն ֆիլմը կլինի, որին ժամանակի ընթացքում կավելանան հեքիաթային այլ «աշխարհներ»:
«Մութ ու Լուս աշխարհ» սրահի կահավորման եւ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար Յիրիկյան ընտանիքը հատկացրել է 10 000 ԱՄՆ դոլար:
Սրահի շնորհանդեսի հանդիսավոր բացումը կատարեցին Նարեկ եւ Սարին Յիրիկյանները եւ նրանց հյուրերը` Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի սաները:
«Մեր ընտանիքի մաղթանքն է բոլոր մանուկներին, որ նրանց մեջ հավերժ ապրի հեքիաթը. եթե մարդը հավատում է հրաշքների, ուրեմն նա բարի, լավատես եւ արդար է: Մենք ուրախ ենք, որ երեխաներն այժմ կարող են դիտել Թումանյանի` խորը իմաստ կրող հեքիաթները նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էլ ավելի տպավորիչ եւ հիշվող կլինի նրանց համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: