18:26 | 23.08.13 | Նորություններ | 1268

Microsoft-ի գլխավոր տնօրենը կթողնի իր պաշտոնը

Microsoft-ը հայտարարել է, որ իր գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը վայր կդնի իր պաշտոնը 12 ամսվա ընթացքում՝ իրեն փոխարինող գտնվելուն պես:

Ներկայումս Բալմերը ղեկավարում է Microsoft-ի վերափոխմանը զուտ սոֆթ արտադրողից դեպի նաեւ սարքավորումներ արտադրող եւ այլ ծառայություններ մատուցող ընկերություն:

«Նման փոփոխության համար երբեք «շատ լավ պահ» չի լինում, բայց հիմա դրա համար ճիշտ ժամանակն է: Մեզ պետք է գլխավոր տնօրեն, որը կլինի այստեղ ավելի երկար ժամանակ՝ ընկերության զարգացման նոր ուղղությունը կառավարելու համար», - ասել է Բալմերն իր հայտարարության մեջ:

Աշխարհի խոշորագույն սոֆթ արտադրող ընկերություն հիմնել է հատուկ կոմիտե՝  նոր գլխավոր տնօրեն գտնելու համար: Կոմիտեում ընդգրկված է նաեւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

57-ամյա Սթիվ Բալմերը փոխարինել է Գեյթսին այս պաշտոնում 2000թ-ին: Նրանք առաջին անգամ հանդիպել են դեռ 1973թ.՝ լինելով Հարվարդի ուսանողներ: Բալմերը միացել է Microsoft-ին 1980թ-ին:

Ներդրողները վերջին տարիներին շատ են քննադատել Microsoft-ին՝ մոբայլ սարքերի շուկա ուշ մուտք գործելու հետ կապված, որտեղ ամուր դիրքեր զբաղեցրեցին Apple-ը եւ Google-ն իր Android-ով: Microsoft-ի եկամուտներին հարվածեց մարդկանց մասսայական անցումը համակարգիչներին շարժական սարքերին: Հենց դրանով էլ պայմանավորված է ընկերության ընթացող վերափոխումը: