11:26 | 26.07.13 | Նորություններ | 5372

ԱրմենՏելը նոր ֆինանսական տնօրեն ունի

Կարեն Կարապետյանը, ով վերջին 2 տարիների ընթացքում զբաղեցնում էր Ուզբեկստանի Unitel բջջային օպերատորի (ապրանքանիշը Beeline) ֆինանսական տնօրենի պաշտոնը, նշանակվել է Արմենտելի ֆինանսական տնօրեն:

Այս պաշտոնում նա փոխարինում է Կարեն Շախնազարյանին, ով գլխավորում էր ԱրմենՏելի ֆինանսական տնօրինությունը վերջին վեց տարիների ընթացքում, հայտնել են ընկերությունում:

2007թ-ի ապրիլից մինչեւ 2011թ-ի սեպտեմբերը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է ԱրմենՏելի ներքին աուդիտի եւ ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը: Այնուհետեւ, նա շարունակել է իր աշխատանքային գործունեությունն Ուզբեկստանի Unitel ընկերությունում (ապրանքանիշը Beeline), որտեղ վերջին 2 տարվա ընթացքում զբաղեցրել է Ֆինանսական տնօրենի պաշտոնը: Ուզբեկստանում Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք նախագծեր:

Կարեն Կարապետյանը բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության ոլորտում, ուսում է ստացել Ֆլետչերի Համալսարանի Տաֆտսի  դպրոցում տնտեսագիտության եւ ֆինանսների հատուկ ծրագրերով եւ Վիեննայի Միացյալ Ինստիտուտում: Նախքան «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին միանալը Կարեն Կարապետյանն աշխատել է Հայաստանի Կենտրոնական բանկում որպես ներքին աուդիտոր:

«Ողջունում եմ Կարենին նոր պաշտոնում եւ մաղթում նրան եւ ողջ ֆինանսական տնօրինության թիմին բազմաթիվ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Կարենը վերադառնում է «ԱրմենՏել» ընկերություն նոր փորձով եւ գիտելիքներով, եւ ես ուրախ եմ, որ մեր ընկերության ֆինանսական գործառույթը կգլխավորի փորձառու ղեկավար, ով լավ ծանոթ է հայաստանյան շուկային եւ բիզնեսին», - մեկնաբանելով նշանակումը, ասել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: