14:18 | 24.07.13 | Նորություններ | 5135

Այսուհետեւ գրաբար կարելի է սովորել առցանց

Երեւան: Մեդիամաքս: «Ծիրանի» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայացրել է գրաբարի ուսուցման առցանց տարբերակը, որը հասանելի  grabar.am կայքում:

Այս մասին այսօր հայտնել են «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանը եւ  ՀԿ-ի խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբան Հայր Գարեգին Համբարձումյանը:
 
«Ծիրանի»-ն արդեն երեք տարի է Հայաստանում եւ սփյուռքում իրականացնում է գրաբարի անվճար դասընթացներ:

Գրաբարի առցանց ուսուցման համար նախագծի հեղինակները մշակել են մատչելի մեթոդ`տասը տեսադասերի ժամանակ ներկայացվում են լեզվի հիմնական եւ կարեւոր բաղադրիչները, իսկ դասի վերջում կարաոկե տարբերակով ներկայացված շարականի միջոցով փորձում ստացած գիտելիքը հնարավորինս հիմնավորել:

Կայքում կան նաեւ լրացուցիչ նյութեր, վարժություններ, վավերագրական ֆիլմ գրաբարի մասին, բառարան եւ ասույթներ, որոնք քաղված են Մատենադարանի ձեռագրերից: Առցանց ուսուցումից կարող են օգտվել նաեւ անգլախոսները, կայքում գործում է բառարանի անգլերեն թարգմանությամբ տարբերակը: Աշխատանքներ են տարվում քերականությունն անգլերենով ներկայացնելու եւ ուսուցման երկրորդ փուլը պատրաստելու ուղղությամբ:

«Մեթոդի վրա աշխատել ենք շուրջ 1,5 տարի` փորձելով այն հնարավորինս մոտեցնել մերօրյա հայ երիտասարդին, իսկ կայքը 1 տարվա աշխատանքի արդյունք է»,-նշել է Հայր Գարեգին Համբարձումյանը:
«Մեր համար գրաբարի ուսուցումնը ռազմավարական նշանակություն ունի եւ ամեն ինչ անելու ենք, որպեսի հետաքրքրությունն աճի»,- ասել է «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Նա նշել է, որ «քայլը պետք չէ դիտել որպես քարոզ գրաբարին վերադառնալու համար: Մեր բոլոր քայլերով պրոպագանդելու ենք գրաբարի իմացությունը, ինչը որեւէ հակասության մեջ չի մտնում արեւելահայերենի հետ»:

Հայր Գարեգին Համբարձումյանի փոխանցմամբ, «գրաբարի հետ կապված մեծագույն խնդիրներից մեկը, որն առկա է մեզանում, եկեղեցական լեզվին անհաղորդ լինելն է: Գրաբարի ուսանումը կարեւորել է նաեւ գրագետ հայերեն խոսելու եւ նախդիրները ճիշտ օգտագործելու համար»: