16:45 | 23.07.13 | Նորություններ | 2453

Լուսանկարները կազմում են Facebook-ի ամենագրավիչ պոստերի 93%-ը

Սոցցանցերում հետազոտություններ անցկացնող Socialbakers ընկերությունը պարզել է, որ լուսանկարները «ոչ միայն արժեն հազարավոր խոսքեր, այլ նաեւ հազարավոր լայքեր, մեկնաբանություններ եւ share-եր Facebook-ում»:

Ընկերությունը հանգել է այս եզրահանգմանը Facebook-ում 5000 բրենդների էջերի վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո:

«Ակնհայտ էր, որ լուսանկարները Facebook-ի ամենագրավիչ պոստերի տեսակներից են: Մենք հետազոտել ենք 5000 բրենդների էջեր եւ հայտնաբերել, որ մարդիկ գերադասում են շփվել նկարներով,  քան հասարակ ստատուսային թարմացումներով, հղումներով եւ վիդեոներով: Մենք նկատել ենք, որ Facebook-ի դիզայնային փոփոխություններն ավելի ու ավելի են հարմարեցվում վիզուալ բովանդակությանը», - ասվում է Socialbakers-ի հետազոտության մեջ:

Ըստ 2012-ի օգոստոսին կատարված հետազոտության, լուսանկարները կազմում էին Facebook-ի ամենագրավիչ պոստերի 85%-ը: Այսօր այս ցուցանիշը հասել է 93%-ի:

Socialbakers-ի տվյալները վկայում են, որ ամենագրավիչ պոստերի ընդամենը 2%-ն է բաղկացած հղումներից, նույնքանը՝ վիդեոներից եւ 3%-ը ստատուսների «տեքստային» թարմացումներից:

Որպես վառ օրինակ Socialbakers-ը բերում է ամերիկյան ELLE ամսագրի ֆեյսբուքյան էջի վերլուծական տվյալները, որտեղ ակնհայտ երեւում է, որ չնայած ընկերությունը շատ ավելի «ստատուսներ» է գրում, քան նկարներ տեղադրում, վերջիններիս առաջացրած հետաքրքրությունը էջի այցելուների շրջանում անհամեմատ մեծ է:


Աղբյուրը՝ Socialbakers: