10:51 | 17.06.13 | Նորություններ | 1014

Facebook-ը պատմել է, թե ինչ տվյալներ է տրամադրել ԱՄՆ իշխանություններին

2012թ. երկրորդ կեսին Facebook-ը ԱՄՆ իշխանություններից ստացել է 9-10 հազ. հարցում 18-19 հազ. օգտատերերի տվյալների վերաբերյալ:

Ըստ սոցիալական ցանցի, հարցումների միջոցով փորձ էր արվում տեղեկություններ հավաքել ինչպես տեղական բնույթի հանցագործությունների, այնպես էլ ազգային անվտանգության հարցերի շուրջ, գրում է BBC-ն:

Microsoft-ը հայտարարել է, որ տրամադրել է ԱՄՆ ազգային անվտանգության մարմիններին 31-32 հազ. աքաունթների վերաբերյալ տեղեկատվություն:

«Հարցումները վերաբերում էին խնդիրների ամենալայն շրջանակին` սկսած մի քաղաքի շերիֆից, որը փորձում էր գտնել կորած երեխայի, մինչեւ դաշնային մարշալ, որը որոնում էր փախուստի դիմած հանցագործի, կամ ոստիկանության բաժանմունքի, որը հետաքննում էր զինված հարձակում, կամ անգամ ահաբեկչական վտանգ հետաքննող ազգային անվտանգության մարմինների»,- գրել է Facebook-ի պաշտոնական բլոգում ընկերության իրավաբան Թեդ Ուլյոթը:

Ինչպես Facebook-ի, այնպես Microsoft-ի ներկայացուցիչները պնդում են, որ տրամադրել են ԱՄՆ իշխանություններին օգտատերերի միայն չնչին մասի վերաբերյալ տվյալներ, այն էլ նրանց, ովքեր կասկածվում էին հանցագործություններ կատարելու կամ նախապատրաստելու համար:

Ավելի վաղ այս ամիս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) նախկին աշխատակից 29-ամյա Էդվարդ Սնոուդենը պատմել է Guardian թերթին գործակալության Prism ծրագրի մասին, որով CIA-ն ուղղակի հասանելիություն ուներ ԱՄՆ 9 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների սերվերներին՝ ներառյալ Google-ը, Apple-ը, Microsoft-ը եւ Facebook-ը: Ըստ նրա, հետախույզները ցանկացած պահին կարող էին տեսնել ցանկացած մարդու էլեկտրոնային փոստի պարունակությունը:

ԱՄՆ իշխանությունները պաշտպանել են Prism ծրագիրը, ասելով, որ այն թույլատրված է Արտաքին հետախուզության վերահսկողության օրենսդրությամբ, իսկ ամերիկյան քաղաքական գործիչներից շատերը Էդվարդ Սնոուդենին «ազգի դավաճան» են անվանել:

Վերջինս դեռեւս Guardian եւ Washington Post թերթերի հրապարակումներից առաջ ԱՄՆ-ից տեղափոխվել է Հոնգ-Կոնգ: Սնոուդենի ներկայիս գտնվելու վայրն անհայտ է, նա հայտարարել է, որ կպայքարի էքստրադիցիայի դեմ, եթե ԱՄՆ իշխանություններն իրեն մեղադրանք առաջադրեն: