11:55 | 13.06.13 | Նորություններ | 1333

«mLab ECA» տարածաշրջանային լաբորատորիան նոր տարածք ունի

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է մոբայլ լուծումների «mLab ECA» տարածաշրջանային լաբորատորիայի նոր՝ ավելի ընդարձակ տարածքը:

Մինչ այդ լաբորատորիան տեղակայված էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի շենքում (Սլավոնական համալսարանին կից):

«mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011 թ-ից, դրա նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը եւ ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության եւ Nokia ընկերության աջակցությամբ:

Nokia-ի կողմից աշխարհում հիմնադրվել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, եւս երկուսը՝ Ասիայում:

Գործունեության այս կարճ ժամանակահատվածում mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձեւավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ  ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում,  որոնք տեղադրվել են Android,  iOS եւ  Windows Phone առցանց հարթակներում:

Լաբորատրիայի կազմակերպած տարբեր միջոցառումներին, մրցույթներին եւ աշխատաժողովներին մասնակցել են ավելի քան 50 մոբայլ ընկերություններ եւ շուրջ 600 մոբայլ ծրագրավորողներ եւ դիզայներներ: Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երեւանում եւ Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում: Վերապատրաստում անցած երիտասարդների 80%-ն արդեն աշխատանք է գտել Երեւանում եւ Գյումրիում տեղակայված տարբեր կազմակերպություններում, իսկ մյուսները ներգրավված են mLab աջակցությամբ (մենթորությամբ) ձեւավորված թիմերում եւ աշխատում են իրենց նախագծերի վրա, որպեսզի հիմնադրեն սեփական կազմակերպությունները:

Nokia-ի եւ mLab-ի կողմից կազմակերպված «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Հնդկաստանից, Արեւելյան Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի բոլոր երկրներից:

mLab-ի մասին Մեդիամաքս-ի անդրադարձը կարդացեք այստեղ: