11:20 | 13.06.13 | Նորություններ | 1004

Facebook-ը հետեւում է Twitter-ին՝ ավելացնելով ակտիվ հեշթեգեր

Facebook-ը ավելացնում է իր մոտ ակտիվ հեշթեգեր, ինչը թույլ կտա օգտագործողներին հետեւել սոցցանցում իրենց հետաքրքրող թեմաների քննարկմանը:

Բառի սկզբում «#» նշանը ավելացնելուց հետո այն կդառնա ակտիվ լինկ, որը կտանի օգտագործողին դեպի լրահոս այն մասին, թե ինչ են մյուսները գրում տվյալ թեմայով:

Որեւէ թեմա հեշթեգի միջոցով քննարկման առարկա դարձնելու պրակտիկայի հիմնական տարածողը Twitter-ն էր:

Ըստ Facebook-ի, նոր հնարավորությունը կօգնի մարդկանց ավելի շատ տեղեկատվություն ստանալ իրենց հետաքրքրող թեմայով, իսկ փորձագետների գնահատականով, դա կխթանի սոցցանցի գովազդային վաճառքները:

Հեշթեգին սեղմելով՝ օգտագործողը կտեսնի ժամանակագրական կարգով դասավորված մեկնաբանություններ, որտեղ նույն հեշթեգը օգտագործվել է նաեւ օգտագործողին անծանոթ մարդկանց կողմից, ինչպես նաեւ այն էջերից, որոնք օգտագործողը չի «հավանել» (like արել):

«Հեշթեգերը կոչված են օգնելու մարդկանց հեշտությամբ բացահայտել, թե ինչ են մյուսներն ասում որեւէ թեմայով, ինչպես նաեւ մասնակցել հանրային քննարկումների»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: