16:19 | 04.06.13 | Նորություններ | 4534
ՎՏԲ-Հայաստան Բանկը TelCell վճարային համակարգի հետ համատեղ անցում կատարեց TelCell վճարային տերմինալներով հաշիվների համալրման օնլայն եղանակին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՎՏԲ-Հայաստան Բանկում, ս.թ. հունիսի 3-ից սկսած TelCell վճարային տերմինալների միջոցով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները եւ ոսկու գրավի դիմաց վարկերի մարումները բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն իրական ժամանակի ռեժիմում. երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ին, շաբաթ օրը` 09:00-18:00-ին, իսկ մնացած օրերին եւ ժամերին հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. սկզբին անցում կատարեց քարտային գործարքների իրականացման օնլայն եղանակին: Դա նշանակում է, որ TelCell վճարային տերմինալների միջոցով օնլայն ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլեւ նույն օնլայն եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն` այդպիսով ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը:
Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ եւ հասանելի է 24/7 ռեժիմում: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ հաշվին համալրված կամ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում գործարքը կատարելու պահին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում:
«2011 թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը հեռահար բանկային սպասարկման շրջանակներում համագործակցում է TelCell ընկերության հետ: Հաշվի առնելով նախորդ տարիների հաջող փորձը եւ նպատակ ունենալով կատարելագործել մեր հաճախորդներին առաջարկվող հեռակառավարման համակարգի գործիքակազմը` մենք որոշեցինք անցում կատարել վճարային տերմինալների միջոցով կատարված գործարքների հաստատման օնլայն եղանակին: Վստահ ենք որ այս նորամուծությունն արժանի գնահատական կստանա մեր հաճախորդների կողմից», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: