14:10 | 04.06.13 | Նորություններ | 5073

ՏՄՊՊՀ` Rich Computers համակարգչային խանութը մոլորեցրել է սպառողներին

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր անբարեխիղճ մրցակցության համար տուգանել է համակարգչային տեխնիկա վաճառող «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերությանը (որին պատկանում է Rich Computers համակարգչային խանութ-սրահը) տարեկան հասույթի 1%-ի չափով:  

Էյջ-Թի Էլեքտրոնիքս ընկերության հանդեպ վարույթը նախաձեռնվել էր մամուլի հրապարակումների հիման վրա, որոնց համաձայն ընկերությունն իրականությանը չհամապատասխանող գովազդի միջոցով մոլորեցրել է սպառողներին: Էյջ-Թի Էլեքտրոնիքսը հեռուստատեսությամբ ներկայացրել է գովազդ, ըստ որի միայն անձնագրով եւ սոցիալական քարտով կարելի է ապառիկ կերպով ձեռքբերել համակարգիչ, սակայն, հանձնաժողովի դիտարկման արդյունքում հաստատվել է, որ երբ քաղաքացիներն այցելում են խանութ, նրանցից պահանջում են նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք, վարկային պատմություն եւ այլն:

«Նման բովանդակությամբ գովազդ ներկայացնելը, երբ միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը ոչ բոլոր դեպքերում են բավարար համակարգիչ գնելու համար, մոլորեցնում է հասարակությանը, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է», - ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: