17:04 | 03.06.13 | Նորություններ | 3075
Ամփոփել է արդյունքները Հայաստանում առաջին անգամ անցկացված «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը:
Հունիսի 2-ին Արզնի ուսումնական օդանավակայանում կայացած եզրափակչին մասնակցել է 5 թիմ` «Sky Spy»-ը, «Eagle eye»-ը, «Dangerous sky»-ը, «Fly Art»-ը եւ «Armdroid»-ը, հայտնել են մրցույթի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:
Թիմերը նախագծել ու պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչեւ 300գ բեռ եւ վերադառնում էին մեկնարկային կետ:
Ամենաբարձր միավորները հավաքել եւ մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Eagle eye» թիմը, որի մրցանակն է 500.000 դրամ: 2-րդ տեղում էր «Dangerous sky» թիմը, որն էլ արժանացել է 400.000 դրամ մրցանակի: 3-րդ տեղը զբաղեցրել է «Armdroid»-ը` 300.000 դրամական մրցանակով: Մյուս երկու թիմերը` «Fly Art»-ը եւ «Sky Spy»-ը, արժանացել են խրախուսական մրցանակի եւ ստացել 150.000-ական դրամ պարգեւ:
Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե տնտեսության մեջ, թե ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը եւ հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաեւ բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն եւ թիրախների խոցում:
Անօդաչու թռչող սարքերի հաջորդ մրցույթը նախատեսվում է կազմակերպել 2014թ. մայիսին:
Մրցույթի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: