17:14 | 16.04.13 | Նորություններ | exclusive 4351

Յուքոմ-ը Ինտերակտիվ-ի բաժնետերն է, բայց ընկերությունները չեն միաձուլվի

Յուքոմ ընկերությանը պատկանում է Ինտերակտիվ ԹիՎի-ի բաժնետոմսերի 100%-ը, սակայն ընկերությունները չեն նախատեսում միաձուլվել, այսօր Մեդիամաքս-ին ասել է  Յուքոմ-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Մեկնաբանելով «Ինտերակտիվ թիվի»-ի տնօրեն Արսեն Բաբաջանյանի հայտարարությունը այն մասին, որ նա «տեղեկություն չունի իր ընկերության եւ «Յուքոմ»-ի միաձուլման գործընթացի վերաբերյալ», Արամ Բարսեղյանն ասել է, որ ընկերությունները իրոք միաձուլվելու մտադրություններ չունեն եւ գործում են ինքնուրույն` սեփական ռազմավարություններով:

Արձագանքելով Մեդիամաքս-ի այն դիտարկմանը, որ Յուքոմն ու Ինտերակտիվ-ն, ըստ էության, մրցակիցներ են (երկուսն էլ տրամադրում են ինտերնետի եւ թվային հեռուստատեսության ծառայություններ), Արամ Բարսեղյանն ասել է, որ թեեւ երկու ընկերություններն էլ նման ծառայություններ են մատուցում, սակայն դրանք տարբերվում են թե բովանդակությամբ, թե որակով եւ ունեն տարբեր թիրախային շուկաներ:

«Ինտերակտիվը մատուցում է իր ինտերնետային եւ հեռուստատեսային ծառայությունները ոչ թե օպտիկամանրաթելով, ինչպես մենք, այլ կոաքսիլ մալուխով: Ինտերակտիվի հեռուստատեսության ծառայությունը չի մատուցվում IPTV տեխնոլոգիայով, ինչպես մեզ մոտ: Ինտերակտիվն աշխատում է ավելի ցածր սակագնային սեգմենտում՝ առավելապես ուսանողական հանրության վրա», - ասել է Արամ Բարսեղյանը: