15:04 | 15.04.13 | Նորություններ | 1358

ԻՏՁՄ-ն ամփոփել է 2012-ը եւ պատմել նոր անելիքների մասին

Ապրիլի 13-ին կայացել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը:

Համագումարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Տեղեկատվական եւ hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ եւ հյուրեր, հայտնել են միությունում:
 
Համագումարի ընթացքում ներկայացվել են ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու եւ գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը եւ նախագծերը, որոնցից են ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, ԴիջիԹեք ցուցահանդեսը, ԱրմՌոբոտիքսը, Համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը:

2013-ի համար նախատեսված նոր միջոցառումներից եւ ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների Ակումբը` «E'Club», երիտասարդ  տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, ԴիջիՆյուզ էլեկտրոնային պարբերականը, Co-Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:

Կայացավ նաեւ ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվեցին «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս»,  «ՋիԷնՍի–Ալֆա», «ԱրմենՏել» ընկերությունները եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:  

Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: