11:06 | 12.04.13 | Նորություններ | 1292

Սամսունգը ներկայացրել է աշխարհի խոշորագույն սմարթֆոնը

Սամսունգը ներկայացրել է աշխարհի խոշորագույն սմարթֆոնը՝ Galaxy Mega-ն, որն ունի 6.3 դյույմանոց (16 սմ) տրամագծով էկրան: Սարքը, ինչպես Սամսունգի մյուս սմարթֆոնները, աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Ըստ ընկերության, սմարթֆոնի չափն իրեն կատարյալ է դարձնում վիդեոների դիտման եւ միաժամանակ երկու հավելված աշխատացնելու համար:

Սամսունգը առաջ է մղում, այսպես կոչված, «phablet» կատեգորիաների հեռախոսները, որոնք իրենց չափերով մոտենում են պլանշետներին: Առաջին նման սմարթֆոնը Սամսունգի Galaxy Note-ն էր 5,3 դյույմ անկյունագծով:

Մինչ այդ աշխարհի խոշորագույն սմարթֆոնն արտադրել էր չինական Huawei-ը (6,1 դյույմ):


Galaxy Mega-ն կշռում է 199 գրամ եւ հարմար է մեկ ձեռքով բռնելու համար, այնուամենայնիվ ընկերությունը գիտակցում է, որ նոր սարքը շատ մեծ կարող է թվալ եւ զուգահեռաբար գործարկում է իր փոքրացված մոդելը՝ 5,8 դյույմ անկյունագծով:

Երկու  Galaxy Mega-ներն էլ կսկսեն վաճառվել մայիսին Եվրոպայում եւ Ռուսաստանում:

Սամսունգին, ըստ IDC հետազոտական ընկերության, պատկանում է 2012-ին սմարթֆոնների վաճառքի համաշխարհային շուկայի 30,3%-ը, ինչը դարձնում է իրեն այդ շուկայի բացարձակ առաջատարը: Երկրորդ տեղով ընթացող Apple-ի (ամենամեծ iPhone-ի էկրանի տրամագիծը 4 դյույմ է) շուկայական մասնաբաժինն աշխարհում կազմել է անցյալ տարի 19,1%: