10:51 | 05.04.13 | Նորություններ | 2280

Facebook-ը ինտերֆեյս է թողարկել Android-ի համար

Facebook-ը թողարկել է ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս ցուցադրել սոցցանցի բովանդակությունը անմիջապես Android սմարթֆոնների հիմնական  էջում (home screen):

«Home»-ը դառնալու է Android օպերացիոն համակարգի նոր ինտերֆեյս՝ դառնալով հեռախոսի օգտագործման հիմնական միջոցը. սոցցանցում հայտնվող բոլոր ծանուցումները, նկարները եւ հաղորդագրությունները կհայտնվեն անմիջապես գլխավոր էկրանին, այլ ոչ թե հատուկ հավելվածը ակտիվացնելուց հետո:

«Խոսքը գնում է ձեր Android-սմարթֆոնի՝ հոյակապ սոցիալական հեռախոսի վերածվելու մասին, որը, ի տարբերություն հավելվածների շուրջ կառուցված ժամանակակից սմարթֆոնների, կենտրոնացած է մարդկանց վրա», - ասել է Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

Նա նշել է, որ սմարթֆոնների հավելվածները «համակարգչային աշխարհի ժառանգությունն են», որոնք արդարացնում են իրենց դեսքթոփների եւ լապթոփների պարագայում, բայց ոչ այնքան հարմար են սմարթֆոնների համար:

Facebook-ի «home»-ը ապրիլի 12-ից հասանելի կլինի Google's Play Store-ում ներբեռնման համար եւ դեռեւս կաշխատի Android 4 եւ ավելի նոր համակարգով 6 մոդելի հեռախոսների հետ՝ 3 HTC-ի և 3 Samsung-ի: Շուտով Facebook Home ինտերֆեյս կնախագծվի նաեւ պլանշետների համար:

Ցուկերբերգը չի նշել, արդյոք նոր ծրագիրը հարմարեցվելու է նաեւ Apple-ի և Microsoft-ի համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:

Facebook-ի տնօրենի ասուլիսից առաջ շատերը կարծում էին, որ ընկերությունը կներկայացնի սեփական սմարթֆոն, Ցուկերբերգը, սակայն, ասաց, որ ընկերությունը հրաժարվել է այդ մտքից, «քանի որ անգամ շատ լավ վաճառվող սմարթֆոնը կծածկի մեր օգտատերերի փոքր մասին միայն»: