Վլադիմիր Հովսեփյանը եւ Վահրամ Դարբինյանը
09:06 | 21.03.13 | Հոդվածներ | 1818
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) երկու ուսանող՝ համալսարանի Տեղեկատվության անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանը եւ Կիբեռնետիկայի ամբիոնի մագիստրանտ Վլադիմիր Հովսեփյանը գրավել են “Kaspersky laboratory” ընկերության կողմից անցկացվող տեղեկատվական անվտանգության հարցերով «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ” փուլի երեք հաղթական տեղերից երկուսը:
Փուլում երրորդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի ուսանողի հետ միասին նրանք կներկայացնեն մեր տարածաշրջանը հունիսին Լոնդոնում կայանալիք եզրափակչում:
Կոնֆերանսի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» փուլն այս տարի առաջին անգամ էր անցկացվում Երեւանում: Կոնֆերանսին մասնակցում էին ուսանողներ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բուհերից: Ներկայացվել է ցանցային անվտանգությանը վերաբերող թվով 14 զեկույց, որոնցից 10-ը՝ հայաստանյան ուսանողների կողմից (7-ը ՀՊՃՀ ուսանողներ էին):
Վահրամ Դարբինյանը եւ Վլադիմիր Հովսեփյանը Itel.am-ի հետ հարցազրույցում կիսվել են մրցույթից ստացված տպավորություններով եւ պատմել իրենց հաղթանակած զեկույցների մասին:
- Ի՞նչ տվեց ձեզ այս կոնֆերանսը, եթե մի կողմ դնենք գումարային մրցանակը:
Վահրամ Դարբինյան. – Իրոք, գումարային մրցանակն ինձ համար, թերեւս, ամենափոքր առիթն էր: Կոնֆերանսին մասնակցելն ինքնահաստատվելու տեսանկյունից բավականին մեծ քայլ էր ինձ համար: Ամեր օր չէ, որ կարող ես ելույթ ունենալ նման փորձագետների առջեւ ու լավ գնահատականի արժանանալ: Նման մակարդակի փորձագետների հետ շփումը շատ կարեւոր էր:
Վլադիմիր Հովսեփյան. – Մեզ իրոք հնարավորություն տրվեց շփվել բարձրակարգ մասնագետների հետ: Մեզ համար շատ հետաքրքիր եւ օգտակար էին Kaspersky Lab-ի փորձագետների ներկայացումները համակարգչային արդի վտանգների եւ պաշտպանության մասին:
- Այն գիտելիքները, որոնք դուք օգտագործել եք հաղթելու համար, ստացել եք համալսարանո՞ւմ, թե՞ պրակտիկ գործունեության ընթացքում:
Վահրամ Դարբինյան. – Եվ համալսարանում, եւ պրակտիկ գործունեության ընթացքում: Համալսարանը դասական կրթության տեսանկյունից շատ կարեւոր է, սակայն, ցավոք, գործնական գիտելիքները մեծ մասամբ գալիս են պրակտիկ գործունեությունից, ոչ թե համալսարանից:
Վլադիմիր Հովսեփյան. – Ինքս մասնագիտությամբ կիբեռնետիկ եմ, սակայն արդեն շուրջ 4 տարի աշխատում եմ IT-ոլորտում: Համակարգչային անվտանգության վերաբերյալ իմ գիտելիքներով պարտական եմ մեր ամբիոնին: Մնացած գիտելիքները ձեռք եմ բերել՝ աշխատելով համալսարանից դուրս:
- Արդյո՞ք մեր բարձրագույն կրթության համակարգը թույլ է տալիս դառնալ միջազգային մակարդակի մասնագետ IT-ոլորտում:
Վահրամ Դարբինյան. – Այո, եթե կա դրա ցանկությունը: Համալսարանում, առնվազն մեր՝ տեղեկատվության անվտանգության եւ ծրագրային ապահովման ամբիոնում, կան մասնագետներ, որոնք ունեն գիտելիքներ եւ պատրաստ են կիսվել դրանցով: Խնդիրը հաճախ ուսանողների մեջ է, որոնց մոտ կարող է պարզապես չլինել հետաքրքրվածություն: Իհարկե, խնդիր կա նաեւ դասախոսների առումով, սակայն հարցը միայն նրանք չեն:
Վլադիմիր Հովսեփյան. – Մոտ 10 տարի է, ինչ սովորում եմ Պոլիտեխնիկում. մինչ համալսարան ընդունվելը սովորել եմ դրան կից վարժարանում, այնպես որ լավ եմ զգացել Պոլիտեխնիկի դրական եւ բացասական կողմերը: Համալսարանն ունի այնպիսի առավելություններ, որոնք չկան այլ բուհերում, բայց, ընդհանուր առմամբ, Պոլիտեխնիկի կրթական մակարդակը դեռ ցածր է, եւ դեպքերի մոտ 50%-ում, ավարտելով համալսարանը, անհնար է միանգամից ընդունվել աշխատանքի:
Խնդիրը ոչ այնքան դասախոսներն են կամ ուսանողները, որքան հնացած կրթական համակարգը, հատկապես՝ IT ոլորտում: Մենք անցնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք այսօր արդիական չեն:
- Անցնենք ձեր զեկույցներին: Կներկայացնե՞ք` որոնք էին դրանց հիմնական գաղափարները:
Վահրամ Դարբինյան. – Իմ զեկույցը կոչվում էր «Թվային հրապարակումների հոսթինգային ծառայությունների վրա DDoS հարձակումների հայտնաբերումը»:
Թվային մեդիաները բուռն աճ են ապրում պլանշետային համակարգիչների ի հայտ գալուց ի վեր: Թվային մեդիան ոչ թե ավանդական տարբերակի թվային նմանակն է, այլ ունի առավելություն՝ ինտերակտիվությունը: Իմ աշխատանքի հիմքում ընկած է թվային միջավայրում ընթերցողի վարքագծի ուսումնասիրությունը: Եթե թղթային տարբերակի ընթերցողի վարքագիծը հեշտ կանխագուշակելի է, նույնը չի կարելի ասել թվային հարթակի ընթերցողի մասին: Հնարավոր է ոչ կանխագուշակելի վարքագիծ ցուցաբերողների նկատմամբ լինել ավելի ուշադիր եւ ոչ կանխագուշակելի վարքագիծ ունեցողների մեծ քանակության դեպքում կասկածել, որ դա հարձակում է:
Դա բավականին լայն տարածված հարձակում է, որից, ընդհանուր առմամբ, պաշտպանվել հնարավոր չէ, այնքանով, որ հարձակվողը ներկայացնում է իրեն, որպես սովորական այցելու:
Վլադիմիր Հովսեփյան. – Իմ զեկույցում ես ներկայացրել եմ իմ կողմից մշակված վեբ-հավելված, որը վերլուծում է ասիմետրիկ կրիպտոալգորիթմեր: Այդ ալգորիթմերը
ստեղծվել են մեր ամբիոնում եւ յուրօրինակ են: Ի տարբերություն մյուսների, դրանք ապահովում են մեծ արագագործություն, ինչը թույլ է տալիս արագ պաշտպանել ձայնային կամ տեսատեղեկատվությունը:
Մենք ստեղծել ենք ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մատչելիորեն հասկանալ, կատարել որոշակի վերլուծություններ եւ համեմատություններ ասիմետրիկ ալգորիթմերի միջեւ: Ծրագրով նախատեսված է, որ յուրաքանչյուր ուսանող կարող է ֆայլ ուղարկել սերվերին, կոդավորել կամ դեկոդավորել այն: Այս ճանապարհով նրանք պատկերացում կստանան, թե որ տեսակի ալգորիթմը որ տեսակի ինֆորմացիայի համար է առավել արդյունավետ եւ անվտանգ:
Որպես վերջնական եւ առեւտրայնացված տարբերակ այս ծրագիրը կարող է ծառայել ընկերություններին՝ որպես դրանց տարբեր մասնաճյուղերի եւ ստորաբաժանումների միջեւ տեղեկատվության անվտանգ փոխանցման միջավայր:
Վլադիմիր Հովսեփյանի եւ Վահրամ Դարբինյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: