09:55 | 17.01.13 | Հոդվածներ | exclusive 30179

Ռոստելեկոմ-Հայաստան. «Կապացուցենք, որ լավագույնն ենք»

GNC-Alfa-ն առաջին անգամը չէ, որ փոխում է խաղի կանոնները Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայում: Առաջին անգամ՝ 2009-ին, ընկերությունն իր մուտքով էապես  բարելավեց ինտերնետի մեծածախ շուկան՝ կապուղիներ կառուցելով դեպի Վրաստան եւ Իրան եւ առաջարկելով մեծածախ ինտերնետի՝ Հայաստանի համար աննախադեպ էժան գին: Ընկերությունը շատ արագ ծանրակշիռ տեղ զբաղեցրեց շուկայում եւ այժմ, իր ղեկավարության հավաստմամբ, գրավում է ՀՀ մեծածախ ինտերնետի շուկայի 50%-ից ավելին:

Խաղի կանոնները փոխելու հերթական պահը եկավ անցած 2012թ. դեկտեմբերին, երբ արդեն նոր բաժնետիրոջ՝ Ռոստելեկոմի բրենդի ներքո, GNC-ն սկսեց ինտերնետի մանրածախ ծառայությունների մատուցումը ոչ թե Երեւանում, այլ մարզերում: Սակայն հայաստանյան մնացած խոշոր օպերատորներից GNC-ի տարբերությունները դրանով չեն սահմանափակվում. ընկերության գլխամասը Երեւանում չէ, ինչպես մյուսների մոտ, այլ Աբովյան քաղաքում: Շենքը, որը զբաղեցնում է ընկերությունը, եւ դրա դիմաց ավտոմեքենաների մեծ քանակը փոքր-ինչ արտասովոր են նայվում մարզային քաղաքի «կիսաքուն» ֆոնին, բայց դրա հետ մեկտեղ ապացուցում են, որ արդյունավետ բիզնես Հայաստանում կարելի է վարել ոչ միայն Երեւանում: Իսկ թե ինչպես դա անել, Itel.am-ին պատմել է GNC-Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

- Շնորհավորում ենք Ձեզ Ռոստելեկոմի՝ Հայաստանի ինտերնետի մանրածախ շուկա մուտք գործելու կապակցությամբ: Մինչ այժմ առիթ չի եղել Ձեզ հետ անձամբ խոսելու այս թեմայով. կպատմե՞ք, թե ինչպես առաջացավ Ռոստելեկոմի հետաքրքրությունը հայկական օպերատորի մեջ:

- Ընկերության սեփականատերերը փնտրում էին ռազմավարական ներդրողի՝ ընկերության բիզնեսը զարգացնելու նպատակով: Որոնումների արդյունքում լավագույն առաջարկը ստացվեց Ռոստելեկոմի կողմից, ինչի արդյունքում վերջինս ձեռքբերեց GNC Alfa-ի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետոմսերի 75%-ը:

Ռոստելեկոմը ներկայիս Ռուսաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայի բացարձակ առաջատարն է եւ զբաղեցնում է շուկայի մոտ 40%-ից ավելին, որը մոտ 4 անգամ գերազանցում է անմիջապես հաջորդ մրցակցի շուկայական մասնաբաժինը: Ռոստելեկոմի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, բայց ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են նաեւ բորսայում:

Կարծում եմ, ինչպես բոլոր խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների համար, Ռոստելեկոմի համար եւս ազգային սահմաններից դուրս ընդլայնումը զարգացման տրամաբանական փուլ էր:

Հատկանշական է, որ Հայաստանն առաջին շուկան է, որտեղ Ռոստելեկոմը մուտք է գործում Ռուսաստանի սահմաններից դուրս: Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը եւ ՀՀ բարենպաստ գործարար միջավայրը, Ռոստելեկոմի որոշումը կարելի է տրամաբանական համարել:

Այսպիսով, դեկտեմբերին սկսվեց GNC Alfa-ի ռեբրենդինգը եւ մենք սկսեցինք վաճառքը մանրածախ շուկայում՝ Աբովյանում, Աշտարակում եւ Գյումրիում, որոնց շուտով կմիանան մյուս քաղաքները: Մեզ համար շատ արժեքավոր է Ռոստելեկոմի հարուստ փորձը ռուսաստանյան շուկայում՝ թե սպասարկման թե ծառայությունների տեսականու առումով:

- Ինչո՞ւ որոշվեց սկսել տարածաշրջաններից. արդյո՞ք դա ներկայումս տնտեսապես արդյունավետ է, թե արվել է հեռահար նկատառումներից ելնելով:

- Քանի որ մենք սկսել էինք մեր գործունեությունը որպես մայրուղային օպերատոր եւ ունենք զարգացած ցանց Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, որոշվեց սկսել մարզերից:

Տարածաշրջաններում մենք բավականին մեծ պահանջարկ ենք տեսնում, ինչպես նաեւ այն որակի եւ մակարդակի ծառայությունների բացակայություն, որոնք մատուցվում են Երեւանում:

Ինչ վերաբերում է տարածաշրջաններում ներդրումների վերադարձելիությանը, ապա այն, անշուշտ, տարբերվում է մայրաքաղաքից, բայց մենք մեր բիզնես-պլանում չենք դիտարկում մայրաքաղաքը եւ տարածաշրջաններն առանձին, քանի որ շատ շուտով գործունեություն կծավալենք նաեւ Երեւանում:

- Որպես մայրուղային օպերատոր, ապահովո՞ւմ է արդյոք GNC-ն շահութաբերություն:

- Այո, գործունեության առաջին իսկ տարվանից  ընկերությունը շահութաբեր է եղել, մեր վաճառքներն ի սկզբանե դինամիկ աճում էին:

- Ե՞րբ եք ակնկալում շահութաբերության դուրս գալ նաեւ մանրածախ շուկայում:

- Նախատեսում ենք հասնել շահութաբերության ողջամիտ ժամկետում, կոնկրետ ժամկետ կգերադասի չնշել:

- Երբ ընկերություններն ընդլայնվում են իրենց ազգային սահմաններից դուրս, սովորաբար, առաջինը, ինչ իրենք ակնկալում են, դա ներդրումների ավելի արագ վերադարձելիությունն է, քան իրենց հարազատ շուկայում: Այդպե՞ս է արդյոք Ռոստելեկոմի պարագայում:

- Հայաստանի հեռահաղորդակցային շուկայում ներդրումների վերադարձելիությունը շատ մոտ է Ռուսաստանի տարածաշրջաններին: Ստացվում է, որ Հայաստան գալով Ռոստելեկոմը ստանում է նույնը, ինչ կստանար, եթե ընդլայնվեր Ռուսաստանի սահմաններում:

- Հաճախորդների ներհոսքի ինչպիսի՞ դինամիկա է նկատվում: Կա՞ արդյոք արդեն որեւէ վիճակագրություն: 

- Ունենք բավականին մեծաթիվ դիմումներ եւ արդեն սկսել ենք առաջին միացումները: Քանի որ մենք նոր օպերատոր ենք մանրածախ շուկայում, հաճախորդները պետք է տեսնեն մեր ծառայությունների եւ սպասարկման որակը: Մենք դեռ ապացուցելու շատ բան ունենք մեր հաճախորդներին: Համոզված եմ՝ կապացուցենք, որ լավագույններից ենք կամ անգամ լավագույնն ենք:  

- Ինչպիսի՞ն է ինտերնետ-ծառայություններ մատակարարողների մրցակցությունը մարզերում: Կարելի՞ է ակնկալել, որ Ձեզ շատ արագ կհաջողվի առաջատար տեղ զբաղեցնել տարածաշրջաններում:

- Այո, մենք ակնկալում ենք, որ արագ կվերցնենք շուկան, թեեւ մարզերում ունենք լուրջ մրցակիցներ՝ թե լարային թե անլար:

Կարծում եմ, տարածաշրջաններում մեր թիրախային շուկան դառնալու են ոչ թե այլ պրովայդերների ծառայություններից օգտվողները, որոնք կնախընտրեն մեզ, այլ բոլորովին նոր ինտերնետ-բաժանորդները: Հայաստանում բաժանորդների թվի ավելացման մեծ պոտենցիալ կա, ներթափանցման մակարդակը դեռ աճելու բավականին մեծ տեղ ունի: Դա մի կողմից կախված է ցանցերի հասանելիության բացակայության, կապի վատ որակի, ինչպես նաեւ համակարգիչների անբավարար հասանելիության հետ: Մենք նախատեսում ենք նաեւ առաջարկել բաժանորդներին համակարգիչներ տարատեսակ ապառիկ սխեմաներով:

- Ցանց կառուցելիս շեշտադրվում են բազմաբնակարան շենքերը, թե՞ մասնավոր տները:

- Այս պահին մեր ցանցը կառուցվում է բազմաբնակարան շենքերում, բայց շատ մոտ ապագայում նախատեսում ենք նաեւ ծածկել այն մասնավոր տները, որտեղ առկա է պահանջարկ: Այժմ կատարվում է մարքեթինգային վերլուծություն այս ուղղությամբ: 
  
- Դուք շուտով նախատեսում եք մտնել նաեւ թվային հեռուստատեսության ծառայությունների շուկա: Ե՞րբ է դա նախատեսվում եւ ինչո՞վ է այս ծառայությունը տարբերվելու շուկայում առկա առաջարկներից:

- Թվային հեռուստատեսության կոնտենտ-պրովայդերը լինելու է մեր գործընկեր ընկերությունը, մենք լինելու ենք ենթակառուցվածքային մասի ապահովողը: Ընտրել ենք բավականին լավ ու առաջատար տեխնոլոգիա, որը կկիրառվի Հայաստանում առաջին անգամ: Տեխնոլոգիան կոչվում է Over The Top (OTT) եւ ենթադրում է վիդեոազդանշանի ընդունում ցանկացած պրովայդերի բաժանորդի կողմից (IPTV-ից տարբերությունը կայանում է նրանում, որ վերջինիս պարագայում վիդեոազդանշանը ստացվում է կոնտենտ-պրովայդերի սեփական ցանցի միջոցով; OTT-ն պահանջում է ոչ պակաս քան 1 Մբիթ/վ արագություն – խմբ.):

Ծառայության տրամադրումը նախատեսում ենք սկսել մոտակա երկու ամսում եւ այս համակարգի միջոցով նախատեսում ենք մատուցել բազմաթիվ ինտերակտիվ ծառայություններ:

- Մասնակցո՞ւմ է արդյոք GNC Alfa-ն ՀՀ կառավարության կողմից հայտարարված վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգ կառուցելու մրցույթին:

- Մենք չենք մասնակցում այս տենդերին, սակայն մեր ենթակառուցվածքը հնարավոր է օգտագործել, քանի որ մեր ցանցի սփռվածությունն ամենամեծերից է Հայաստանում եւ մենք բաց ենք համագործակցության համար:

- GNC-ն մատուցում է նաեւ ֆիքսված հեռախոսակապ. ինչպիսի՞ առավելություններ ունի այս ծառայությունը մրցակիցների նկատմամբ եւ որն է ֆիքսված հեռախոսակապի ձեր նպատակային շուկան:

- Ինչպես ինտերնետ-ծառայությունների պարագայում, այստեղ եւս սկսել ենք կորպորատիվ հատվածից: Այս հատվածում մեծ հետաքրքրվածություն կա, փորձում ենք բոլոր կորպորատիվ հաճախորդների համար գտնել յուրահատուկ մոտեցում:

Ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն արդիական է նաեւ մարզերի մանրածախ բաժանորդների համար, որովհետեւ այս ծառայությունը բավականին մատչելի է եւ որակյալ: Կարծում ենք, այս շուկայում եւս հաջողության կհասնենք:

- Ի՞նչ են շահել Ձեր կորպորատիվ հաճախորդները (այդ թվում՝ ձեր հաճախորդ մանրածախ ինտերնետ-պրովայդերները) Ռոստելեկոմի կողմից ընկերության հսկիչ փաթեթի ձեռքբերումից: Կարծում ենք, տարանցման ծառայությունը Վրաստանով եւ Ռուսաստանով անհամեմատ հեշտացել եւ էժանացել է:

- Մինչեւ Հայաստանում ակտիվ ձեռքբերելը Ռոստելեկոմը երկար տարիներ հանդիսացել է Հայաստան ինտերնետ մատակարարող ընկերություններից մեկը: Հիմա Ռոստելեկոմի ծառայությունները, որպես Հայաստանին ինտերնետի մատակարար, անշուշտ ավելի հասանելի են: Հայաստանի սպառողների մեծ մասը օգտվում է ռուսաստանյան սերվերներում տեղադրված կայքերից, իսկ քանի որ այդ կոնտենտի զգալի մասը տեղակայված է հենց Ռոստելեկոմի սերվերներում, կապը դառնում է շատ ավելի որակյալ եւ արագ: Այս առումով մենք ունենք առավելություն՝ դարձնելով ինտերնետը շատ ավելի որակյալ եւ մատչելի:

- Առհասարակ, ինչպիսին է այսօր իրավիճակը մեծածախ ինտերնետի շուկայում:

- Շուկան զարգանում է, բոլոր պրովայդերները ավելացնում են սպառման ծավալները: Դրա հետ մեկտեղ առկա է պրովայդերների խոշորացման տենդենց, ինչը շուկայի տրամաբանական զարգացման ապացույց է: Այդպես շարունակվելու է մոտակա 1-2 տարվա ընթացքում:

- Ձեր ռազմավարությունը դեռեւս չի՞ ենթադրում այլ խաղացողների կլանում:  

- Այսօրվա դրությամբ դեռ ոչ; մինչ օրս մեր ընկերությունն օրգանական հաջող աճ է ունեցել. զուտ միջօպերատորական ծառայությունների մատուցումից մինչեւ մանրածախ շուկա: Ընկերության ռազմավարությունը մինչ օրս իրեն արդարացնում է, մոտ ժամանակներս շարունակելու ենք զարգանալ նույն կերպ:

Ինտերնետ-շուկան Հայաստանում դեռ դինամիկ աճի փուլում է, իսկ երբ այն հասնի ներթափանցման մի մակարդակի, որտեղ աճը կդանդաղի, հետագա զարգացումը կընթանա որակի բարելավման եւ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ուղղությամբ: Այսօր համաշխարհային շուկայում շատ հետաքրքիր տենդենց է նկատվում. եթե նախկինում հեռահաղորդակցության օպերատորները զուտ «խողովակ» էին տրամադրում, իսկ բովանդակության տրամադրումը կոնտենտ պրովայդերների գործն էր, այժմ բիզնեսի այդ տեսակները խառնվում են իրար: Օրինակ՝ Google-ը ԱՄՆ-ի որոշ քաղաքներում կառուցել է իր սեփական ցանցը, եւ հակառակը, օպերատորները դառնում են կոնտենտ պրովայդերներ:

Հայկ Ֆարամազյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: